Մատչելիության հղումներ

Ապրիլի 1-ի մամուլ


«Կապիտալ»-ը զրուցել է հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի հետ: Նա ասում է. - «Ես չեմ կարծում, թե ՀԱԿ-ը պատրաստվում է հերթական ընտրություններին։ Կոնգրեսը հետեւողականորեն ձգտում է արտահերթի, որովհետեւ միայն այդ իրավիճակը հնարավորություն կտա անցկացնելու ազատ եւ արդար ընտրություններ։ Միայն իշխանափոխության արդյունքում անցկացվելիք ընտրությունները կստեղծեն հավասար պայմաններ։ Մյուս բոլոր դեպքերում իշխանությունները փորձելու են կեղծել քվեարկության արդյունքները՝ պստիկ մասնաբաժին տալով ընդդիմություն ձեւացող ուժերին։ Կոնգրես-իշխանություն հարաբերություններում որեւէ կոմպրոմիս չեմ տեսնում։ Կոմպրոմիսը ենթադրում է զիջում։ Դուք իշխանությունների կողմից զիջում տեսնո՞ւմ եք։ Եթե խոսքը վերաբերում է քաղբանտարկյալներից երկուսին ազատելուն, ես դա կոմպրոմիս չեմ համարում, որովհետեւ իշխանությունները վաղուց եւ բոլորին պետք է ազատած լինեին։ ՀԱԿ-ի բոլոր հայտարարություններում քաղբանտարկյալներին ազատելը ոչ թե երկխոսության կամ փոխզիջման թեմա է, այլ երկխոսություն սկսելու նախապայման»։

«Ժամանակ»-ի թղթակիցը Ներքին գործերի նախկին փոխնախարար, Պաշտպանության նախկին փոխնախարար, Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանին հարցնում է. - «Իշխանությունները կարո՞ղ են գնալ նոր մարտի 1-ի»: Նա պատասխանում է. - «Այսօր իշխանությունները ավելի քիչ ռեսուրս ունեն մարտի 1 կրկնելու, որովհետեւ պետք է նաեւ հաշվի առնել, որ այս երեք տարվա ընթացքում, Շարժման պայքարի արդյունքում նաեւ այն ուժերը, որոնք մասնակից եղան մարտիմեկյան գործընթացներին` իրենց համար էլ ակնհայտ դարձավ, թե մարտի 1-ին իրականում ինչ է տեղի ունեցել: Նպատակը այդ ուժերի համար պարզ չէր` իրենք ինչո՞ւ ներքաշվեցին այնպիսի գործընթացների մեջ, որտեղ անմեղ մարդիկ զոհվեցին: Այս երեք տարվա ընթացքում ե'ւ ոստիկանությունում, ե'ւ բանակում շատ բան են հասկացել: Այսօր այդ նույն ուժերը նույն ձեւով օգտագործել, իմ կարծիքով, պարզապես անհնար է»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Իրարանցում, գզվռտոց, խմորումներ, հակասություններ, տարաձայնություններ, առճակատումներ, փլուզումներ, մեղադրանքներ... Իրեն միակ ընդդիմություն հռչակած ՀԱԿ-ը ժամանակին այսպես էր ներկայացնում իշխանության ներսում տիրող վիճակը: Սակայն իրականում այդ ամենի մեջ հայտնվել է հենց ընդդիմադիր դաշտը: Այստեղ բարձրացված փոթորիկը գնալով ուժգնանում է: ՀԱԿ-ի առաջնորդի «արժանապատիվ գործարքի» մասին հայտարարությունն ու Ազատության հրապարակի ձեւական վերանվաճումը հիասթափություն է առաջացրել կոնգրեսի շարքերում: ՀԱԿ-ի անդամներից ու համակիրներից շատերը այլեւս չեն հավատում Տեր-Պետրոսյանին: Երբեմնի կռապաշտների աչքերը բացվել է եւ տեսնում են, որ կոնգրեսը, առաջնորդի գլխավորությամբ, առանց շտապելու գնում է հերթական ընտրությունների»:

Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Իրավունք»-ի հարցազրույցում ասում է. - «ՀՀԿ-ն միշտ է ակտիվ ու հետեւողական երկրում ընթացող բոլոր գործընթացների նկատմամբ, իսկ ընդհանրապես իշխանությունների կտրուկ, կառուցողական եւ ամենօրյա աշխատանքը, ըստ իս, հիասթափեցրել է ընդդիմությանը, քանի որ այդ իրավիճակը նրանց քիչ դաշտ է տալիս պոպուլիզմով զբաղվելու եւ իշխանությանը քննադատության ենթարկելու համար: Մեզ համար իշխանությունը ինքնանպատակ չէ, մեզ համար իշխանությունը միջոց է, որպեսզի մենք լուծենք այն խնդիրները, որոնք որ դրված են կուսակցության առջեւ: Հետեւաբար ընդդիմադիր դաշտը պետք է խաղա որոշակի խնդիրների շրջանակում, պետք է քննադատի իշխանություններին, բայց դա էլ է նորմալ երեւույթ, քանի որ ընդդիմությունը հենց դրա համար է, այլ ոչ թե դիվիդենտներ շահելու համար: Մենք չենք ասում, որ ամեն ինչ լավ է, մենք ասում ենք, որ, այո, կան խնդիրներ, որոնք որ պետք է ստանան իրենց համարժեք լուծումներըր»:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Վերջապես ամենաբարձր օղակներում հասկացել են, որ վերջին տարիների ահռելի անկումը ոչ այնքան համաշխարհային ճգնաժամի արդյունք է, ինչպես թութակի պես կրկնում են որոշ իշխանավորներ, այլ տնտեսական բլոկի եւ մասնավորապես՝ կառավարության վատ աշխատանքի: «Հալվա-հալվա» ասելով, բերանդ չի քաղցրանա, ասում է արեւելյան իմաստնությունը: Ավելին՝ երբ բերանումդ դառնահամ է, «հալվա» ասելն ավելի շատ զայրացնում է, քան հաճույք պատճառում: Այնպես որ, ինչ-որ պահից իշխանությունը գիտակցեց, որ ավելի լավ է խոսել դժվարությունների, խնդիրների մասին, այլ ոչ թե ջայլամի քաղաքականություն վարել: Սակայն, ցավոք, իրականությունից կտրված, երբեւէ կարիք չտեսած, փողին փող չասող մարդկանց ժամանակն է եկել: Որոշում կայացնողների շրջանում ավելի շատ ուտոպիստներ ու ֆանտազյորներ են հավաքվել, քան կոնկրետ քայլերով տնտեսության վիճակը փոխելու ունակ անձինք»:
please wait

No media source currently available

0:00 0:04:35 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG