Մատչելիության հղումներ

Շվեյցարիան ուշադիր հետեւում է Ղարաբաղի շուրջ իրավիճակին


«Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության բացումը գալիս է արձանագրելու եւս մի կարեւոր քայլ` մեր երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների` հատկապես վերջին տարիների վերընթաց զարգացման ճանապարհին», - ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Շվեյցարիայի նախագահ, Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Քալմի-Ռեյի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանն ու Միշլին Քալմի-Ռեյը երկուստեք ընդգծել են, որ hայ - շվեյցարական բարեկամությունն ունի երկարամյա պատմություն, եւ այսօր կողմերը կարող են արձանագրել, որ երկու երկրների միջեւ վերջին տարիներին հաստատվել են բարձր մակարդակի հարաբերություններ, սերտ քաղաքական երկխոսություն, իսկ Երեւանում դեսպանության հիմնադրումը կնպաստի երկու երկրների բարեկամության առավել խորացմանը:

Հանդիպման մասնակիցները անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերին եւ զարգացումներին, մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա փուլին` նշելով, որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ միջոցներով: Քալմի-Ռեյն ընդգծել է, որ Շվեյցարիան շատ ուշադիր հետեւում է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին: Նրա խոսքերով` Շվեյցարիան աջակցում է այդ ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կողմից ձեռնարկվող քայլերին:

Էդվարդ Նալբանդյանը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Շվեյցարիայի կողմից ձեռնարկած միջնորդական ջանքերի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG