Մատչելիության հղումներ

Թոմաս դե Վաալ. «Քի-Վեսթը ղարաբաղյան Դեյթոնի կորսված հնարավորությունն էր»


Թոմաս դե Վաալ, Երեւան, 9-ը մարտի, 2010թ.
Թոմաս դե Վաալ, Երեւան, 9-ը մարտի, 2010թ.

Քիվեսթյան գագաթնաժողովից տասը տարի անց «Քարնեգի» հիմնադրամի փորձագետ, բրիտանացի Թոմաս դե Վաալը National Interest հանդեսում նկատում է. - «Այս տարելիցից առաջ ինձ կրկին ապշեցրեց մի ակնհայտ իրողություն` դիվանագիտության մեջ ամենակարեւորը պահն օգտագործելու կարողությունն է»:

Դե Վաալի համոզմամբ` «Քի-Վեսթը Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ համաձայնագրի կնքումը իրականություն դարձնելու ուղղությամբ ձեռնարկված ամենալուրջ փորձն էր»:

«Խոստումնալից մեկնարկից հետո, սակայն, ամեն ինչ սխալ ընթացավ: Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիեւը առողջական վատ վիճակում էր եւ Բաքու վերադառնալուն պես սկսեց հրաժարվել խաղաղ համաձայնագրի դրույթներից: Բացի այդ, երկու նախագահները որեւէ քայլի չդիմեցին` իրենց երկրների հանրություններին նախապատրաստելու համար այն փոխզիջումներին, որոնց շուրջ բանակցում էին»», - նշում է դե Վաալը:

«Քարնեգի» հիմնադրամի փորձագետը մեջբերում է նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոյի`մի քանի օր առաջ վաշինգտոնյան քննարկումներից մեկի ժամանակ հնչեցրած կարծիքը. - «2001-ին իրավիճակը շատ ավելի նպաստավոր էր հարցի լուծման համար, քան այսօր: Նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի միջեւ գործնական հարաբերություններ էին ձեւավորվել, կողմերը աշխատում էին իրենց իսկ մշակած առաջարկների, այլ ոչ թե երրորդ կողմի ներկայացրած նախագծի շուրջ»:

Այն ժամանակ, ըստ Քավանոյի, չկար միջազգային հանրության ուշադրության համար «մրցող» մեկ այլ ճգնաժամ, բացի այդ` շատ ավելի դյուրին էր կարգավորմանը հաջորդող վերականգնման փուլի համար ֆինանսական միջոցներ հայթայթելը:

Քի-Վեսթից 10 տարի անց ղարաբաղյան կարգավորումը, Քավանոյի համոզմամբ, հայտնվել է փակուղում:

Թոմաս դե Վաալը, զուգահեռներ անցկացնելով ղարաբաղյան եւ բոսնիական հակամարտությունների կարգավորման միջեւ, գրում է. - «Եթե Քի-Վեսթը ղարաբաղյան Դեյթոնի կորսված հնարավորությունն էր, ապա տարբերությունները շատ ուսանելի են: Բոսնիայի հակամարտության կարգավորմամբ զբաղվող Ռիչարդ Հոլբրուքը բազմաթիվ լծակներ ուներ իր ձեռքում` լծակներ, որոնցից զուրկ էին Ղարաբաղի խնդրով զբաղվող միջնորդները»:

Բոսնիական պատերազմը, ըստ դե Վաալի, միջազգային հանրության ուշադրության կենտրոնում էր, բացի այդ` Ռիչարդ Հոլբրուքը կուլիսային լուրջ պայքարի մեջ մտավ Վաշինգտոնում` բավականաչափ ազդեցիկ միջազգային մանդատ ստանալով եւ կողմերին ստիպելով ստորագրել Դեյթոնի համաձայնագիրը:

Դե Վաալը նաեւ հիշեցնում է, որ Միացյալ Նահանգները զորախումբ ուղարկեց Բոսնիա, այն պարագայում, երբ Լեռնային Ղարաբաղում 110 մղոն երկարությամբ շփման գիծը, որի երկայնքով 20-հազարական զինծառայող է տեղակայված, յուրաքանչյուր կողմից դիտարկում են ԵԱՀԿ-ի 6 անզեն ներկայացուցիչները:

Այս համեմատությունների ամենաուշագրավ հատվածը, սակայն, այն է, որ Միացյալ Նահանգները որպես այդպիսին Արեւմտյան Բալկաններում ռազմավարական շահեր չուներ: Փոխարենը, ղարաբաղյան հակամարտության գոտուց դեպի հյուսիս գտնվում են Վրաստանն ու Ռուսաստանը, արեւմուտքում Թուրքիան է եւ հարավում` Իրանը: «Այստեղ է նաեւ մտահոգությունների տեղիք տվող եւ չվերահսկվող սահմանագիծը Իրանի եւ հայկական վերահսկողության տակ գտնվող դատարկված ադրբեջանական շրջանների միջեւ: Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղը շփման գծից ընդամենը 12 մղոն հեռավորության վրա է անցնում: Ադրբեջանը Աֆղանստանում գտնվող ամերիկյան ուժերի տարանցիկ մատակարարումների առանցքային կետերից է: Չմոռանանք նաեւ, որ ամերիկահայերը Վաշինգտոնում քաղաքականապես ամենաակտիվ համայնքներից մեկն են», - թվարկում է դե Վաալը` արձանագրելով, սակայն, որ այս բոլոր գործոնները չեն նպաստում հարցի կարգավորմանն ուղղված ավելի ակտիվ ջանքերի կիրառմանը:

«Հայաստանում եւ Ադրբեջանում` Միացյալ Նահանգների ունեցած երկկողմ շահերն են, որ կաշկանդում են համառող նախագահներին խաղաղ համաձայնագրի կնքմանը դրդելուն ուղղված ավելի կտրուկ քայլերը», - կարծիք է հայտնում Թոմաս դե Վաալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG