Մատչելիության հղումներ

Հայազգի գիտնականին առաջարկվել է ներկայացնել Թուրքիան


Հայազգի տնտեսագետ Դարոն Աջեմօղլուին առաջարկվել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության` Փարիզում տեղակայված գրասենյակում Թուրքիայի ներկայացուցչի պաշտոնը, սակայն գիտնականը մերժել է առաջարկը: Այդ մասին այսօր տեղեկացնում են թուրքական մի շարք լրատվամիջոցներ:

Ադրբեջանական Day.az ինտերնետային պարբերականի վկայությամբ` թուրքական Vatan-ը գրել է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այդ առնչությամբ, մասնավորապես, հայտարարել է. - «Մի քանի ամիս առաջ մենք հարգարժան Աջեմօղլուին առաջարկեցինք այդ պաշտոնը: Նա աշխարհի ամենահայտնի եւ հարգված տնտեսագետներից է: Թուրքիան հպարտանում է նրա հաջողություններով: Եվ մեր վարչապետը հանդիպեց Դարոն Աջեմօղլուի հետ: Հարգարժան Աջեմօղլուն ասաց, որ նման պաշտոնի առաջարկը իր համար պատիվ է, սակայն գիտական հետազոտությունների հետ կապված ներկայիս գործերի պատճառով չի կարող ընդունել այդ առաջարկը: Նա ասաց, որ մտածում է ապագայում նման աշխատանքով զբաղվելու շուրջ»:

«Մեզ համար անընդունելի է Թուրքիայի Հանրապետության քաղաքացիների միջեւ ազգային եւ կրոնական տարբերակում մտցնելը: Ցանկացած անձ, ում կարողություններին ու ընդունակություններին մենք հավատում ենք, կարող է լինել Թուրքիայի ներկայացուցիչ», - վստահեցրել է Դավութօղլուն:

Այսօր ավելի վաղ ադրբեջանական 1news.az ինտերնետային պարբերականը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցների հաղորդագրությունները, հայտնել էր, թե Աջեմօղլուին առաջարկվել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի պաշտոնը:

Դարոն Աջեմօղլուն ծնունդով Ստամբուլից է, ներկայումս դասավանդում է ԱՄՆ-ում` Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում:

Թուրքական հանրապետության պատմության մոտ ինը տասնամյակների ընթացքում երկրի հայկական եւ հունական ծագում ունեցող քաղաքացիները պետական պաշտոններ զբաղեցնելու, սպաներ դառնալու հնարավորություն չեն ունեցել:

Այս տարվա մարտի սկզբին հայտնի դարձավ, որ հայազգի Լեո Սուրեն Հալեպլին իրավունք է ձեռք բերել աշխատելու Թուրքիայի պետական ապարատում` Եվրամիության գործերով գլխավոր քարտուղարությունում, ինչի կապակցությամբ թուրքական Yeni Safak-ը գրեց, թե «Թուրքիայի կառավարությունը խախտեց եւս մեկ տաբու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG