Մատչելիության հղումներ

Բրադկե. «Ստատուս քվոն չի երաշխավորում կայունություն»


«Հնարավոր է` Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոն ինչ-որ մեկին ձեռնտու է, սակայն տվյալ իրադրությունը չի երաշխավորում կայունություն», - երեկ Վաշինգտոնում հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն:

«Տարածաշրջանում ապրող ժողովուրդները արժանի են ավելի լավ, կայուն եւ բարեկեցիկ ապագայի, եւ նման ապագայի համար նրանք պետք է օգտվեն բոլոր հնարավորություններից», - ադրբեջանական APA լրատվական գործակալության վկայությամբ` ասել է Բրադկեն Հանուն միջազգային խաղաղության Կարնեգիի հիմնադրամում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված կոնֆերանսի ժամանակ:

Ամերիկացի համանախագահը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ չի ցուցաբերվում ակնկալվող ուշադրությունը, եւ ընդգծել է, որ այդ հակամարտությունը ոչ թե «սառեցված» է, այլ` շարունակվող:

Հայտնելով, որ մեկ տարվա ընթացքում 16 այց է կատարել տարածաշրջան, Բրադկեն նշել է, որ հնարավորինս շուտ խաղաղության հասնելու համար Միացյալ Նահանգները բոլոր մակարդակներում սերտորեն համագործակցում է Մինսկի խմբի մյուս համանախագահներ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ, մասնավորապես` երեք երկրների նախագահները քանիցս հայտարարություններով են հանդես եկել այդ առնչությամբ:

Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն կոնֆերանսի ժամանակ անդրադարձել է բանակցությունների պատմությանը, անցյալում թույլ տրված սխալներին: Նրա համոզմամբ` խաղաղ գործընթացը նախորդ տարիների համեմատ շատ ավելի բարդացել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG