Մատչելիության հղումներ

Մարտի 29-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանում հաճախ կարելի է լսել տեսակետ, թե ներքաղաքական գործընթացները պետք է դուրս բերել, այսպես ասած, երեք նախագահների եռանկյունուց եւ նոր վեկտոր գտնել ներքաղաքական զարգացումների համար: Անշուշտ, միտքը քննարկման արժանի է: Հարաբերական է, իհարկե, 20 տարի ժամանակը, եւ դժվար է ասել` արդյո՞ք 20 տարին շատ ժամանակ է ներքաղաքական գործընթացները հիմնականում այդ երեք բեւեռների շուրջ հյուսված մնալու համար, թե՞ քիչ է այդ ժամանակը ու միանգամայն բնական է, որ առանցք շարունակում են մնալ այդ երեք գործիչները: Բայց նաեւ պետք չէ մոռացության մատնել այն, որ եռանկյունին ամենեւին էլ միշտ չէ, որ եղել է: Այսինքն` երբ նախագահը Տեր-Պետրոսյանն էր, ներքաղաքական բոլորովին այլ դասավորություն էր, բոլորովին այլ բեւեռներ, երբ Քոչարյանն էր, կրկին դասավորությունն ու բեւեռները այլ էին` թե՛ մինչև հոկտեմբերի 27, թե՛ դրանից հետո»:

«168 ժամ»-ի թղթակիցը Հայ ազգային կոնգրեսի անդամ Կարապետ Ռուբինյանին հարցնում է. - «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ու «Ժառանգություն»-ը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը ու Կոնգրեսը նույն բանն են ուզում, այդ դեպքում նրանց համագործակցությունն ինչո՞ւ չի ստացվում»: Ռուբինյանը պատասխանում է. - «Դա ամենացավալի իրողությունն է, որ անընդհատ խորանում է: Դուք էլ փոխանակ դրա վրա շեշտադրում չանեիք, կողմերը մի քիչ հանդարտվեին եւ ընդհանուր համագործակցության եզրեր գտնեին` փորձում եք մխրճվել այդ հարաբերությունների մեջ: Իհարկե, սխալ է տեղի ունեցել, որ նման խոսակցությունների առիթ տրվեց: Շատ ավելի փայլուն իրավիճակ կստեղծվեր, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը ողջուներ Րաֆֆի Հովհաննիսյանի այդ քայլը, միգուցե կոչ աներ, որ գա ու կանգնի Կոնգրեսի կողքին, շատ ավելի իրատեսական ու հուժկու պայքար կսկսեին միասին, դրան անմիջապես կհաջորդեր ժողովրդի բուռն ոգեւորությունը, եւ, կարծում եմ, որ դա միայն կնպաստեր ընդհանուր պայքարին: Եվ այս ցավալի նահանջը չէր լինի, որովհետեւ հիմա ես կարծում եմ, որ Կոնգրեսի ղեկավարությունը պետք է ջանքեր թափի ժողովդրի մի մասի մոտ այդ հիասթափության նոտաները մոռացնել տալու համար»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ: Նա ասում է. - «Համաժողովրդական շարժումը ապացուցեց, որ եթե ինքը իր առջեւ խնդիր է դնում, ապա ինքը այդ խնդիրները կարողանում է լուծել: Այդ օրը Ազատության հրապարակ մտնելը ինքնանպատակ չէր: Դրա անհրաժեշտությունը կար, եւ թե' հանրահավաքում հնչած ելույթները, թե' մարտի 1-ի հանրահավաքի բազնությունը արդեն կանխորոշել էին, որ մարտի 17-ի հանրահավաքը պիտի լինի Ազատության հրապարակում: Եվ Հայ ազգային կոնգրեսի լիդերներին այլ բան չէր մնում, քան ամսի 17-ին նույնքան եւ դեռ մի բան էլ ավելի զանգված ունենալով` մտնել Ազատության հրապարակ: Այսօրվա իշխանությունը նահանջում է` թեկուզ փոքրիկ, քիչ-քիչ, բայց նահանջում է: Բայց իշխանությունը, այն էլ` այս կարգի իշխանությունը, հենց նահանջեց` փլվում է: Եվ դա է հույսը, որ մենք հասնելու ենք արտահերթ ընտրությունների»:

Իսկ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Առավոտ»-ի հարցին, թե ընթանո՞ւմ է արդյոք ընդդիմություն – իշխանություն երկխոսություն, պատասխանել է. - «Բանակցությունների սեղանի շուրջ նստած երկխոսություն, իհարկե, տեղի չի ունենում: Բայց այն, որ ընդդիմությունը պահանջներ է դնում, եւ իշխանությունները բարեփոխումների պրոցեսի մեջ են, ինքնըստինքյան ընդդիմությանն էլ հասկանալի է, որ քարացած ռեժիմ չի, այլ գնում են բարեփոխումների: Պարտադիր չէ, որ իրենց պահանջները լրիվ կատարվեն: Ամեն դեպքում, մենք նույնպես գնում ենք ընտրությունների, ի վերջո, հասարակության առաջ մենք ասելիք ունենք, լավ, մի օր խաբես, երկու օր խաբես, երրորդ օրը չես կարող խաբել, դրա համար մենք գնում ենք փոփոխությունների, եւ մինչեւ 2012-ը կոնկրետ արդյունքները կերեւան ե'ւ տնտեսության մեջ, ե'ւ ազատությունների հարցում: Եթե ընդդիմությունը պահանջում է, որ հանրահավաքները, երթերը խանգարում են, հիմա այդպիսի բան չկա, խնդրեմ, Ազատության հրապարակը, որ ասում էին, փակել են, մտա՞ք, տեսա՞ք, միտինգ արեցի՞ք, պրծաք, հանգստացա՞ք: Էլի եկեք արեք, ո՞վ է ձեզ խանգարում»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը գրում է. - « Վառելանյութի շուկայում վերջին շրջանում հաճախադեպ են դարձել գների փոփոխությունները։ Մինչ սպառողները կհասցնեն հարմարվել նոր գներին, դրանք նորից փոխվում են։ Եթե նախկինում վառելանյութի շուկայում սովորաբար հերթագայում էին ոչ միայն թանկացումներ, այլեւ երբեմն-երբեմն էժանացումներ, ապա արդեն մի տեւական ժամանակ է, ինչ գները միայն բարձրանում են։ Այսօր արդեն բենզինի գինը հայաստանյան շուկայում, կարելի է ասել, հասել է ռեկորդային մակարդակի։ Անգամ ռուս-վրացական ռազմական հակամարտության օրերին, երբ տեղափոխման դժվարությունների պատճառով Հայաստանը հայտնվեց վառելիքային ճգնաժամի մեջ, բենզինի գներն այդքան չբարձրացան։ Վառելանյութի գները ներքին շուկայում այսքան չէին բարձրացել նաեւ 2008թ. գարնանը, երբ համաշխարհային շուկայում նավթի մեկ բարելի արժեքը հասավ մինչեւ 150 դոլարի»։
please wait

No media source currently available

0:00 0:04:39 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG