Մատչելիության հղումներ

Հայաստանն ակնկալում է դաշտային գնահատման առաքելության այցելություն Ադրբեջանի վերահսկած ԼՂ-ի շրջաններ


Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը երեքշաբթի օրը գրավոր մեկնաբանություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ իրականացված դաշտային գնահատման առաքելության զեկույցի վերաբերյալ:

«Զեկույցը ներկայացնում է համանախագահների տեսակետը տեղում իրավիճակի վերաբերյալ, որն ինչպես եւ նախորդ զեկույցի դեպքում, եւս մեկ անգամ հերքում է ադրբեջանական քարոզչության կողմից տարածվող ապատեղեկատվությունը», - մասնավորապես ասել է ԱԳՆ-ի խոսնակը ու հավելել. - «Հայաստանը կիսում է համանախագահների տեսակետն առ այն, որ միայն խաղաղ, բանակցային կարգավորումը կարող է ապահովել ապագայի ավելի հստակ հեռանկարներ տարածաշրջանի համար»:

«Ակնկալում ենք նաեւ, որ Մինսկի խմբի համանախագահները հնարավորին կարճ ժամկետներում կայցելեն Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի հյուսիսային հատված, Մարտունու շրջանի արեւելյան մաս, ինչպես նաեւ Շահումյանի շրջան եւ համապատասխան զեկույց կկազմեն այնտեղ տիրող իրավիճակի մասին», - ասված է Տիգրան Բալայանի տարածած մեկնաբանությունում:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները 2010 թվականի հոկտեմբերի 7-12-ը դաշտային առաքելություն են անցկացրել Լեռնային Ղարաբաղին հարող տարածքներում` նպատակ ունենալով գնահատել տեղում տիրող իրավիճակը:

Համազեկուցողներին են միացել ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը եւ իր թիմը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի երկու փորձագետներ եւ 2005 թվականի ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելության խմբից մեկ անդամ:

Սա 2005 թվականից ի վեր միջազգային հանրության առաջին առաքելությունն է եւ ՄԱԿ-ի պաշտոնյաների առաջին այցը վերջին 18 տարիների ընթացքում:

Անցած շաբաթ` մարտի 24-ին, համանախագահները հրապարակեցին իրականացված դիտարկման գործադիր ամփոփումը, որում, մասնավորապես, ասվում է. - «Դաժան իրականությունն այս տարածքներում ավելի է խորացրել համանախագահների համոզմունքը, որ ստատուս քվոն անընդունելի է, եւ որ միայն խաղաղ բանակցությունների հիման վրա կարգավորումը կարող է ավելի լավ եւ որոշակի ապագայի հեռանկար ապահովել այն մարդկանց համար, ովքեր ապրել են այդ տարածքներում, եւ նրանց համար, ովքեր ապրում են այնտեղ այժմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG