ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների արդյունքների հարցով դիմել է ՍԴ և ՄԻԵԴ

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երեք նոր դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան և մեկ դիմում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

ԲՀԿ-ն վիճարկում է ընտրական օրենսդրության որոշ դրույթներ և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները՝ պնդելով, որ դրանց հետևանքով իր ընտրողների ձայները չեն հաշվարկվել, և կուսակցությունը դուրս է մնացել խորհրդարանից։

Ըստ կուսակցության՝ վերահաշվարկներից հետո ԲՀԿ-ն ստացել էր 58 հազար 525 ձայն՝ հաղթահարելով 4 տոկոսի անցողիկ շեմը, սակայն ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասերի արդյունքները, որտեղ կուսակցությունն ընդհանուր 213 ձայն ուներ։ Վերջնական արդյունքներով ԲՀԿ-ն ստացել է 3,989 տոկոս՝ շեմից պակաս մնալով 156 ձայնով։

Ավելի վաղ Սահմանադրական դատարանը մերժել էր ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները՝ ուժի մեջ թողնելով ԿԸՀ որոշումը։

Սեպտեմբերին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդներն իրենց զեկույցում մտահոգություն էին հայտնել, որ ԿԸՀ-ն առանց բավարար հիմնավորման անվավեր է ճանաչել ընտրատեղամասերի արդյունքները և վերաքվեարկություն չի նշանակել՝ դրանով ազդելով ԲՀԿ-ի խորհրդարանական ներկայացվածության վրա։

Ընտրություններից մոտ մեկ ամիս անց տնտեսական հանցագործությունների մեղադրանքով կալանավորվել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նա մինչ օրս կալանքի տակ է։ Նոյեմբերի 5-ին դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է նրա կալանքի ժամկետը։

ԲՀԿ-ի տարածած հայտարարության համաձայն՝ կալանքի տակ են նաև կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համարը՝ Անդրանիկ Թևանյանը, և յոթերորդ համարը՝ Մարտուն Գրիգորյանը։

​
XS
SM
MD
LG