Սպիտակի համայնքապետարանը մերժել է «Բարոյական արժեքների»՝ հավաք անցկացնելու հայտը

Նոյեմբերի 29-ին կայանալիք ընտրություններում Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը ՔՊ-ի թեկնածուն է, Համլետ Մազմանյանը՝ «Բարոյական արժեքների»
Նոյեմբերի 29-ին կայանալիք ընտրություններում Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը ՔՊ-ի թեկնածուն է, Համլետ Մազմանյանը՝ «Բարոյական արժեքների»

Սպիտակի համայնքապետարանը մերժել է «Բարոյական արժեքներ» կուսակցության՝ հանրային հավաք անցկացնելու իրազեկումը:

Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանի ստորագրած գրության համաձայն՝ կուսակցությունն այսօր է իրազեկել քարոզչական հավաքի մասին: Համայնքապետարանը մերժել է՝ հղում անելով Հավաքների ազատության մասին օրենքը, ըստ որի հանրային միջոցառման մասին պետք է տեղեկացնեին առնվազն 72 ժամ առաջ:

Բացի ժամկետների խախտումից, համայնքապետարանը նշել է, որ ներկայացված փաստաթղթում բացակայել են օրենքով պարտադիր համարվող մի շարք տվյալներ։ Մասնավորապես, նշված չեն եղել հավաքի վայրը, սկզբի և ավարտի մոտավոր ժամանակը, մասնակիցների ու կարգադրիչների սպասվող թիվը, օգտագործվելիք տեխնիկական միջոցները, երթի դեպքում՝ երթուղին ու ժամանակացույցը, ինչպես նաև կազմակերպիչների և հավաքի ղեկավարի անձնական ու կոնտակտային տվյալները: Փաստաթղթին կցված չի եղել նաև հավաք կազմակերպելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:

Հաշվի առնելով Հավաքների ազատության մասին օրենքի այս պահանջների խախտումները՝ համայնքապետարանը հայտնել է, որ հավաքը չի կարող անցկացվել:

«Բարոյական արժեքներից» պնդում են, որ մերժումն ապօրինի է, և չեն նախատեսում չեղարկել իրենց հանրահավաքն ու ավտոերթը, որը նախատեսել են այսօր, քարոզարշավի վերջին օրը:

Կուսակցության համայնքապետի թեկնածու Համլետ Մազմանյանն «Ազատությանն» ասաց՝ նույն իրազեկումն ուղարկել են նաև ոստիկանություն ու պարեկային ծառայություն:

«Խնդիր տեսել են միայն համայնքապետարանում, ընդ որում դիմել են ոստիկանություն՝ պահանջելով արգելել մեր քարոզչական հավաքը»,- ասաց Մազմանյանը:

Այս կիրակի Սպիտակում կայանալիք ընտրություններին երեք ուժ է մասնակցում՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որի թեկնածուն գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանն է, «Բարոյական արժեքները» և «Ուժեղ Հայաստանը»:

Ավելի վաղ համայնքապետ Քաջայր Նիկողոսյանն աշխատանքից ազատել էր «Բարոյական արժեքների» ընտրացուցակով ընտրություններին մասնակցող իր տեղակալին ու երեք գյուղի վարչական ղեկավարի: Ընտրատարածքային հանձնաժողովը սա խախտում համարեց ու դիմեց Վարչական դատարան՝ Քաջայր Նիկողոսյանի գրանցումը չեղարկելու պահանջով: Դատարանը, սակայն, հայցը չբավարարեց:

​
XS
SM
MD
LG