Մատչելիության հղումներ

Սպիտակում համայնքապետի ենթակաները նրա դեմ են դուրս եկել․ ընտրություններին կմասնակցեն մրցակցի թիմում

Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի դեմ են դուրս եկել նրա անմիջական ենթակաները: Ավելի քան մեկ տասնյակ պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչական ղեկավարներն ու համայնքապետի երկու տեղակալներից մեկը, առաջիկա ընտրություններին մասնակցելու են գործող ղեկավարի մրցակցի թիմում, որը գլխավորում է ՔՊ-ական համայնքապետի նախկին կուսակից Համլետ Մազմանյանը:

Վերջին հինգ տարիներին Մազմանյանը եղել է Սպիտակի ավագանու անդամ, նախ որպես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, հետո արդեն՝ որպես անկուսակցական: Դեռ երեք տարի առաջ հարազատ կուսակցությունը նրան հեռացրել էր իր շարքերից՝ համայնքապետի հետ ունեցած սուր հակասությունների պատճառով: Մազմանյանն ու նրա համախոհները չորս ամիս բոյկոտում էին ավագանու նիստերը՝ պնդելով, որ Նիկողոսյանի ղեկավարած համայնքապետարանում անտանելի մթնոլորտ է տիրում, որոշումները կայացվում են փակ կաբինետներում՝ առանց նախապես քննարկելու, իսկ համայնքային ծախսերն անարդյունավետ են: Խնդիրները հանրայնացնելուց հետո իշխող ուժը նախընտրեց հեռացնել ընդդիմացողին, որը մինչ օրս շարունակում է ավագանու նիստերի բոյկոտը:

«Սպիտակում մթնոլորտի խնդիր է, աշխատանքի, գործելաոճի խնդիր է», - ասաց Մազմանյանը:

Այսօր Համլետ Մազմանյանն ու նրան միացած պաշտոնյաները պայքարի են դուրս գալիս «Բարոյական արժեքներ» կուսակցության անունից, որի նախագահը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սիմոն Պետրոսյանն է: Թեև Պետրոսյանը նախկինում հայտարարում էր իշխանությանն աջակցելու մասին, այժմ ընդգծում է՝ որոշ հարցերում համամիտ չեն և կաշկանդված չեն քննադատելու: Մազմանյանն էլ իր հերթին շեշտում է՝ իր հակասությունները ոչ թե «Քաղաքացիական պայմանագրի», այլ անձամբ գործող համայնքապետի հետ են:

«Մենք դիտավորյալ ենք ընտրել այնպիսի կուսակցություն, որը խնդիր չունի իշխանությունների հետ: Մենք ուզում ենք Սպիտակ համայնքը զերծ պահենք համապետական քաղաքական կյանքից, որ կարողանանք նպատակին ծառայեցնել մեր գաղափարները կյանքի կոչենք, կապիտալի վերածենք», - ասաց Մազմանյանը:

Արդյո՞ք Սպիտակում չի կրկնվի Ստեփանավանի սցենարը, երբ ընտրություններից հետո մրցակիցները հայտարարեցին, թե «իրականում մրցակիցներ չեն եղել»: Մազմանյանը կտրուկ բացառում է որևէ նախնական կամ հետընտրական համաձայնություն Քաջայր Նիկողոսյանի հետ:

Նա չի թաքցնում՝ առաջադրվելուց առաջ ՔՊ վարչությունն իր թեկնածությունն էլ է քննարկել, սակայն, ինչպես հաստատեց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, ի վերջո կանգ են առել գործող համայնքապետի վրա: Չնայած Համլետ Մազմանյանի բարձրաձայնած խնդիրներին, ՔՊ-ն ամենևին էլ դժգոհ չէ գործող ղեկավարից:

«Մենք քննարկում ունենում ենք բոլոր տեղերում համայնքապետի թեկնածուների մասով, քննարկվել է, բնականաբար, նաև գործունեությունն է հաշվի առնվել, առաջադրվել է, առաջին համարում կլինի Քաջայր Նիկողոսյանը», - ասաց Ալեքսանյանը

Եթե ընտրությունների արդյունքներով նույնիսկ առաջատար լինեն, բայց ձայները չբավարարեն միանձնյա կառավարման համար, Մազմանյանը դարձյալ բացառում է գործող ղեկավարի հետ որևէ դաշինք. «Այդ դեպքում գալիս է քաղաքական կոլապս. կա՛մ կգնանք նոր ընտրությունների, կա՛մ գործող ավագանիների հետ կսկսենք քննարկումներ անել: Եթե կմիանան մեզ, կմիանան, չեն միանա, կգնանք ընտրությունների»:

Նրա թիմին միացած պաշտոնյաներն այժմ արձակուրդում են կամ դիմել են արձակուրդի, որը համայնքապետը դեռ չի հաստատել: Փոխարենն այսօր հայտնի դարձավ, որ Նիկողոսյանն աշխատանքից ազատել է Մազմանյանին միացած տեղակալներից մեկին:

Ինքը՝ համայնքի ղեկավարը, հրաժարվեց հարցազրույցից: «Ազատության» նկատմամբ նա վաղուց բարեհաճ չէ. մեր աշխատանքը խոչընդոտելու, պաշտոնյայի վարքագծի կանոնները խախտելու համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ամիսներ առաջ վարույթ էր հարուցել և նախազգուշացրել նրան: Այս անգամ համայնքապետը հրաժարվեց խոսել՝ արդեն առանց վիրավորանքների:

Սպիտակում Նոյեմբերի 29-ին կայանալիք ընտրություններին առաջադրվել է նաև «Ուժեղ Հայաստանը»:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG