Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի առջև երկու ճանապարհ կա՝ կա՛մ շարունակել ընդլայնել Եռաբլուրը, կա՛մ հավատարիմ մնալ խաղաղության նախաստորագրված սկզբունքներին։
«Իհարկե, խիղճս տանջում ա շատ»,– լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք վարչապետի խիղճը տանջում է, երբ իրեն Եռաբլուրի մասին են հարցնում։
Լրագրողն ակնարկում էր նոյեմբերի 19-ի միջադեպը, երբ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին «եղկելի» էր անվանել, այն բանից հետո երբ նա վարչապետին Եռաբլուրի լուսանկարներ էր ցույց տվել։ Ջեբեջյանը նաև նշել էր, որ Փաշինյանի իշխանության օրոք ընդարձակվել է Եռաբլուր զինվորական պանթեոնը:
Ճեպազրույցի ընթացքում լրագրողը Փաշինյանին հարցրել էր նաև Արցախից բռնի տեղահանվածների նոր անձնագրերում ծննդավայրի դիմաց «Ադրբեջան» նշելու մասին։ Փաշինյանն արձագանքեց. - «Խիղճս նաև դրա համար է տանջում, և դրա համար եմ ասում, որ Ղարաբաղի մեր հայրենակիցների անձնագրերում պետք է ծննդավայրը գրվի Ադրբեջան։ Պետք է ելնենք խաղաղության նախաստորագրված թեզերից, որպեսզի Եռաբլուրը չընդլայվի։ Շատ պարզ քաղաքական ընտրություն է»: