Ազգային ժողովի նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որ հիմա իրավապաշտպան կազմակերպություն է ղեկավարում, դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Պահանջում է, որ հանձնաժողովը ուսումնասիրի վարչապետ Փաշինյանի վարքն ու բառապաշարը, գնահատական տա՝ արդյոք երկրի ղեկավարը չի խախտում պետական պաշտոնյայի վարքագծի կանոնները:
«Խոսքի ուժ» ՀԿ-ի ղեկավարը հատկապես շեշտում է Փաշինյանի՝ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին ուղղված խոսքերը: Լրագրողների հետ նոյեմբերի 19-ի ճեպազրույցում գործադիրի ղեկավարը Հռիփսիմե Ջեբեջյանի հարցերից զայրացել ու նրան մի քանի անգամ «եղկելի» էր որակել:
Նախկինում իր մի շարք քննադատների չզոհվելու համար մեղադրած Փաշինյանին լրագրողը հարցրել էր, թե ինքն ինչո՞ւ չի զոհվել: Ջեբեջյանը նաև նշել էր, որ Փաշինյանի իշխանության օրոք ընդարձակվել է Եռաբլուր զինվորական պանթեոնը:
«Դուք անձամբ և Ձեր նման բազմաթիվ լրագրողներ, քաղաքական գործիչներ արդեն տևական ժամանակ Եռաբլուրը դարձրել եք մանրադրամ նեղ լրագրողական ու նեղ շահերի համար: Դուք այդ ճանապարհին եղկելի եք, Դուք եղկելի եք, անձամբ Դուք»,- բղավել էր Նիկոլ Փաշինյանը:
«Լրագրողի մասնագիտական գործունեության ընթացքում նրա հասցեին վարչապետի կողմից բազմակի նվաստացուցիչ արտահայտությունների հնչեցումը հանրային պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնների առերևույթ խախտում է, ինչի առնչությամբ դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»,- հայտարարել է «Խոսքի ուժ» ՀԿ-ի ղեկավար Թագուհի Թովմասյանը:
Արդյոք հանձնաժողովը կուսումնասիրի իրավապաշտպան կազմակերպության դիմումը: Պատրաստվո՞ւմ են վարույթ ընդունել, դեռ արձագանք չկա: Հանձնաժողովի ղեկավար Մարիամ Գալստյանն ու անդամներից Արամայիս Փաշինյանն «Ազատության» զանգերին չպատասխանեցին:
Նիկոլ Փաշինյանի բառապաշարն այս հանձնաժողովում նախկինում էլ է քննության առարկա դարձել: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անցած տարի քննել ու եզրակացրել էր, որ վարչապետը խախտել է վարքագծի կանոնը, մասնավորապես, նրա կիրառած «դոմփել» բառը գռեհիկ է, կոպիտ ու անվայելուչ: Այդ բառը Հայաստանի վարչապետը մայիսի 30-ի ֆեյսբուքյան ստատուսում էր նշել: Հանձնաժողովը եզրակացրել է նաև, որ Փաշինյանի կիրառած «համբալ» բառն էլ է վիրավորական:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացություններից հետո Փաշինյանը գրառում արեց, թե չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չէ, բայց ներողություն է խնդրում։
Ինչպես Փաշինյանի բառապաշարը դարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հեռակա բանավեճի առիթ
Վարչապետ Փաշինյանը վերջին օրերին կոշտ ու վիրավորական բառերով դիմել էր նաև ընդդիմադիրներին: Նրանցից մեկին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին անվանել էր «աբսլուգ, արջ քորող, դամաշնիկ բռնող»:
Լրագրողի հետ երեկվա միջադեպերից հետո հայտարարություն տարածեց Հայաստանի ժուռնալիստների միությունը՝ պնդելով, թե Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին:
«Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը, զերծ մնալ նրանց մասնագիտական գործունեությունը վարկաբեկելու և ահաբեկելու փորձերից և գիտակցել, որ լրագրողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը միայն տվյալ լրագրողի խնդիրը չէ, այլ հարված է խոսքի ազատությանն ու ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներին», - ասված էր հայտարարությունում:
Այսօր արդեն այս հայտարարությանն արձագանքեց Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, ով հազվադեպ է խախտում լռությունը:
«Մեծ գոհունակությամբ ընթերցեցի Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հայհոյախառն խոսույթի վերաբերյալ։ Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով։ Ահա սա է նրա կերտած իրական Հայաստանի պատկերը։ Հուսամ, որ մեր երկրի զարգացումներին հետևող միջազգային իրավապաշտպան կառույցները հավուր պատշաճի կգնահատեն այդ հայտարարությունը և աչք չեն փակի Հայաստանի ստանձնած ժողովրդավարական պարտավորությունները ոտնահարող Փաշինյանի գործելակերպի վրա», - հայտարարեց առաջին նախագահը:
Փաշինյանն անպատասխան չթողեց սա: Ֆեյսբուքյան գրառման մեջ բազմաթիվ մեղքեր վերագրեց պաշտոնաթող նախագահին, այդ թվում՝ Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնությունների ավանդույթը ստեղծելը, Եռաբլուրը հիմնադրելը, իշխանության հասնելու համար Հայաստանը կոնֆլիկտի և ապա պատերազմի մեջ ներքաշելը, սահմանադրական հանրաքվեի և ընտրությունների արդյունքների կեղծելը և խորհուրդ տվեց՝ «շարունակիր ինքդ»:
Փաշինյանը Տեր-Պետրոսյանի մերձավոր զինակիցներից էր 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: Բայց հետո նրանց ճանապարհները բաժանվեցին: