«Փողոցի նախաձեռնությունը չպետք է լինի Փաշինյանի ձեռքում». ընդդիմադիրները նաև փողոցային պայքարի դուրս կգան

Ընդդիմադիր մի քանի ուժերի բողոքի ակցիան Հանրապետության հրապարակում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, Երևան, 22-ը դեկտեմբերի, 2020 թ.
Ընդդիմադիր մի քանի ուժերի բողոքի ակցիան Հանրապետության հրապարակում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, Երևան, 22-ը դեկտեմբերի, 2020 թ.

Իշխող ՔՊ-ի առաջարկած նոր Սահմանադրության նախագծի դեմ միավորված մեկ տասնյակից ավելի ընդդիմադիր ուժերը նախօրեին տարածած համատեղ հայտարարության մեջ պնդում են, որ վարչապետ Փաշինյանն այդ նախագծով ոչ միայն «Ադրբեջանի պարտադրանքն է կատարում», հանելով Մայր օրենքից Անկախության հռչակագիրը, այլև միաժամանակ փորձում է «ամրապնդել ավտորիտար կառավարման համակարգը»:

15 ուժերից բաղկացած ընդդիմադիր միավորումը, մերժելով «արտաքին պահանջով թելադրված» նոր Սահմանադրության նախագիծը, իր համերաշխությունն է հայտնում խորհրդարանական ընդդիմությանը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցություններին՝ պատրաստակամություն հայտնելով համախմբված ուժերով պայքարել «ալիևյան Սահմանադրության» դեմ:

Թե ինչ քայլերով են պայքարն իրականացնելու, մեկ տասնյակից ավելի ընդդիմադիր ուժերը, որոնց շարքում են նաև Սերժ Սարգսյանի Հանրապետականը, Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը», Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը և այլ կուսակցություններ, չեն մանրամասնել: Միայն նշել են, որ առաջիկա օրերին այս օրակարգով հանդիպում է տեղի ունենալու:

«Ձեռքներս ծալած չենք նստի». Մամիջանյան

Ինչպես «Ազատությանն» ասաց ընդդիմադիր համախմբման մաս կազմող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը, արտախորհրդարանական ուժերը ձեռքերը ծալած չեն նստելու: Խորհրդարանի ընդդիմադիր երկու ուժերին սատարելուց բացի՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով, ներառյալ փողոցային պայքարով «ցույց են տալու, որ ժողովուրդը դեմ է ալիևյան Սահմանադրությանը»:

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյան
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյան

«Հաշվի առնելով Փաշինյանի բռնաճնշումներ իրականացնելու հետագիծը, ինչպես ինքն արդեն անոնս է արել՝ հանրային ճնշում բանեցնելով, որը վարչական ռեսուրսով հավաքանման մի բան է լինելու, հայ հասարակությունը պետք է ցույց տա, որ ալիևյան Սահմանդրությունը տեղ չունի: Ոչ մի դեպքում չպետք է փողոցի նախաձեռնությունը լինի Փաշինյանի ձեռքում: Չի կարող լինել անօրինական ճնշում ընդդիմադիր պատգամավորների վրա, որպեսզի ալիևյան սահմանադրության հանրաքվեն հաստատվի: Նաև փողոցային պայքարի գործիքի կիրառմամբ մենք ցույց կտանք, որ հասարակությունը մերժում է ալիևյան Սահմանադրությունը»,- ասաց ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը՝ պնդելով՝ «սին են իշխանության պնդումները, թե «թողեք ժողովուրդը հանարաքվեի միջոցով ինքը որոշի»:

Ըստ ընդդիմադիր գործչի՝ ժողովուրդը հունիսի 7-ի ընտրություններում արդեն իսկ «զրկել է Փաշինյանին Սահմանադրությունը փոխելու հնարավորությունից»:

ՔՊ-ն վերջին ընտրություններում չի ստացել սահմանադրական մեծամասնություն, ինչը նրան թույլ կտար առանց ընդդիմադիրների ձայների հանրաքվեի դնել Սահմանադրության նախագիծը: Գործող խորհրդարանում դա անելու համար իշխող խմբակցությանն առնվազն 6 ձայն է պակասում: Այդ 6 ձայնը ստանալու համար Նիկոլ Փաշինյանը չի բացառել նաև ընդդիմության դեմ փողոցային պայքարը:

Վարչապետը հերքում է արտաքին ճնշման տակ Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ ընդդիմության մեղադրանքները: Նա պնդում է, որ Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելով՝ Հայաստանը հրաժարվում է հարևանների հետ կոնֆլիկտի տրամաբանությունից: Դա, ըստ Փաշինյանի, թույլ կտա, որ կյանքի կոչվի «պետության հարատևության տեսլականը, Հայաստանն էլ հաղթահարի ֆորպոստի տրամաբանությունը»:

«Մեր նպատակը Հայաստանի Հանրապետությունը հողափոր խրամատից խաղաղության խաչմերուկ դարձնելն է, մի երկիր, որը նաև ունի այնպիսի բանակ, որ ինքնուրույն կարող է պաշտպանել պետության սահմանների և միջազգայնորեն ճանաչված տարածքի անձեռնմխելիությունը», - Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո վստահեցրել էր վարչապետը:

Ժողովուրդը չի աջակցում իշխանությանը Սահմանադրությունը փոխելու հարցում. ԲՀԿ

Կալանավորված Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստանը» նույնպես պատրաստ է «օրենքի և գործող Սահմանադրության շրջանակներում թույլ չտալ, որ նոր նախագիծը հասնի հանրաքվեի»:

ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Արման Աբովյանը ևս պնդում է, թե իշխանությունը գործնականում չունի ժողովորդի աջակցությունը, այսինքն չի կարողանալու փողոց գեներացնել՝ խորհրդարանական ընդդիմության վրա ճնշում գործադրելու համար: Աբովյանի փոխանցմամբ՝ հունիսի 7-ի ընտրությունները՝ «նույնիսկ շինծու, նկարած ու գողացած ձայների ներքո ցույց տվեցին, որ ժողովուրդ չի աջակցում իշխանությանը՝ Սահմանադրության փոփոխության հարցում»:

Իսկ արդյոք ընդդիմությունը կարո՞ղ է փողոց գեներացնել. Աբովյանը չցանկացավ կոկրետ պատասխան տալ այս հարցին՝ ասելով միայն, որ չի կարծում, թե իշխանությանը կհաջողվի նոր Սահմանադրության նախագիծը հասցնել հանրաքվեի:

ԲՀԿ անդամ Արման Աբովյան
ԲՀԿ անդամ Արման Աբովյան

«Իշխանության այդ ծրագիրը Հայաստանի լուծարման մասին է: Սահմանադրությունից հանվում են բոլոր ազգային և պետականամետ դրույթները, պատմական հիշողությունը, և միաժամանակ կառավարչական համակարգը կենտրոնացվում է մի մարդու ձեռքում», - ասաց Ծառուկյանի կուսակիցը:

«Այսինքն այն թուղթը, որ ներկայացվում է որպես նոր Սահմանադրություն, համապատասխանում է այն արտաքին ուժերի պահանջներին, որոնք հետաքրքրված են Հայաստանի լուծարմամբ: Մենք ունենում ենք ավտորիտար համակարգի ամրապնդում և հետևաբար պետության դիմադրողականության անկում: Իսկ դա ո՞ւմ է ձեռնտու: Իզուր չէ, որ ողջույները, որ լսում ենք, հիմնականում գալիս են Ադրբեջանից և Թուրքիայից»,- նշեց ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը:

Պաշտոնական Բաքուն օրերս «բարձր էր գնահատել» նոր Սահմանադրության նախագծից Անկախության հռչակագրին հղումը հանելու Փաշինյանի իշխանության որոշումը: Բաքուն որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման պահանջում է Հայաստանի Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը: Ադրբեջանը դրանում իր նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում: Անկախության հռչակագրում հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորման մասին: Թեև Հայաստանի Սահմանադրական դատարանը դեռ երկու տարի առաջ իր որոշմամբ փաստել էր, որ մայր օրենքը տարածքային պահանջներ չի պարունակում, դա Բաքվին չհամոզեց:

Ադրբեջանի արտգործնախարարն այսօր արդեն ասել է, որ «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում»:

Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելու քայլը ողջունել են նաև Անկարայից: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչը Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի հրապարակումը որակել էր որպես «պատմական փոփոխություն»՝ նշելով, որ Թուրքիայի հետ վեճի առիթ դարձած ձևակերպումը հանվել է:

1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրի կետերից մեկը Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատար կանգնելու անհրաժեշտության մասին է:

​
XS
SM
MD
LG