ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ֆլորիդայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, ասվում է նրանց համատեղ հայտարարությունում։
«Հանդիպումը շատ բովանդակալից էր։ Հիմնական թեմաներն էին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, Իրանում հակամարտությունը, ինչպես նաև բոլոր այն ռեկորդային ձեռքբերումները, որոնց մենք միասին հասել ենք Հաագայում և Անկարայում կայացած գագաթնաժողովներում»,- ասվում է հայտարարությունում, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Մար-ա-Լագոյում կայացած հանդիպումը Սպիտակ տունը գնահատում է որպես «գերազանց»։ «Մենք նաև քննարկել ենք այն հարցը, թե որքան կարևոր է թույլ չտալ Ռուսաստանին ձեռնարկել որևէ գործողություն, որը միտումնավոր կամ ոչ միտումնավոր կընդլայնի պատերազմը, ինչպես նաև հնարավորինս շուտ խաղաղ կարգավորման հասնելու կարևորությունը»,- հավելել են Թրամփն ու Ռյուտեն։
ԱՄՆ նախագահն ու Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նաև քննարկել են պաշտպանական ծախսերի և ռազմարդյունաբերական բազայում ներդրումների շարունակական ավելացման կարևորությունը՝ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներում։
Թե՛ ուկրաինական, թե՛ իրանական հակամարտության կարգավորման հարցում էական առաջընթաց չկա: Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ ջանքերի շնորհիվ Ռուսաստանը համաձայնել է, որ բանակցություններին մասնակցի նաև Եվրոպան:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը երեկ հայտարարել է, որ Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն բանակցությունների հաջորդ փուլին՝ հավելելով, որ եվրոպացի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին անհրաժեշտ է, քանի որ Ուկրաինայի անվտանգությունն անմիջականորեն կապված է Եվրոպայի անվտանգության հետ։
Դոնալդ Թրամփն օրեր առաջ հայտարարել էր, որ հակված է Իրանի դեմ նոր ռազմական գործողություն սկսել, եթե մինչև նոր տարի համաձայնություն ձեռք չբերվի։ Սակայն Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել է՝ Իրանը չի վերսկսի բանակցությունները, մինչև չկատարվեն իր պահանջները։
Իրանը պահանջում է դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում և փոխհատուցել պատճառված վնասը, վերացնել պատժամիջոցներն ու ծովային շրջափակումը, ազատել իր սառեցված ակտիվները, ճանաչել Հորմուզի նեղուցի նկատմամբ իր իրավունքները և անվտանգության երաշխիքներ տալ: