ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել ոչ մի պարագայում չմեկնել Իրան, իսկ արդեն այնտեղ գտնվողներին հորդորել է անմիջապես լքել երկրի տարածքը՝ տարածաշրջանում իրավիճակի հնարավոր սրման պատճառով։
Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունն այսօր տարածած զգուշացման մեջ նշել է, որ անցած օրերին Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ ակտիվներիн, իսկ Սաուդյան Արաբիային Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիների հարվածներից հետո կարող են թիրախավորվել տարածաշրջանում ԱՄՆ քաղաքացիներն ու ամերիկյան ընկերությունները:
«Ուշադիր եղեք հնարավոր ահազանգերի, չվերթների չեղարկումների, օդային տարածքի փակման և ճանապարհորդության խափանումների մասին։ Ոչ մի դեպքում մի՛ մեկնեք Իրան։ ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը»,- ասվում է դեսպանատան հայտարարությունում:
ԱՄՆ-ն զգուշացրել է, որ շատ արագ կարող են փոխվել նաև Իրանի ցամաքային սահմանները հատելու կանոնները և նպատակակետ երկրներում մուտքի պայմանները։
Դեսպանատունը խորհուրդ է տվել նաև խուսափել ցույցերից, մեծ հավաքներից և տարածքներից, որտեղ մեծ թվով ոստիկաններ կան, նաև զգոն լինել ԱՄՆ-ի հետ որևէ կերպ առնչվող վայրերում։
ԱՄՆ-ն նմանատիպ զգուշացում էր տարածել նաև այս տարվա փետրվարի 5-ին՝ Իրանի վրա ամերիկյան և իսրայելական ուժերի հարձակումից 23 օր առաջ՝ այդ ժամանակ նույնպես իր քաղաքացիներին հորդորելով անհապաղ լքել երկիրը։
Իրանը քիմիական զենք է ստեղծում. Կաց
Վաշինգտոնի այս զգուշացումից մեկ օր առաջ Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հայտարարել էր, որ անցած տարվա հունիսին իրանական միջուկային օբյեկտներին հասցված հարվածներից հետո այժմ «նշաններ կան», որ Իրանը փորձում է վերսկսել իր միջուկային ծրագիրը։
Իսրայել Կացը չէր հստակեցրել, թե ինչ առաջընթաց է Թեհրանը գրանցել և որտեղ են այդ աշխատանքներն իրականացվում, սակայն պնդել էր, թե Թեհրանը ցանկանում է նաև քիմիական զենք ստեղծել, որը, ըստ նրա, կապահովի հավասարակշռությունն Իսրայելի դեմ:
«Իսրայելը թույլ չի տա Իրանին քիմիական զենք ստանալ ... Իսրայելի բանակը և ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պատրաստվում են միասին հարձակվել։ Ծրագրերը պատրաստ են։ Մնում է Թրամփը որոշի»,- ասել էր Կացը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրեր առաջ հայտարարել էր, որ հակված է Իրանի դեմ նոր ռազմական գործողություն սկսել, եթե մինչև նոր տարի համաձայնություն ձեռք չբերվի։
Իրանը դեռ չի վերսկսի բանակցությունները
Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, սակայն, երեկ զգուշացրել է՝ Իրանը չի վերսկսի բանակցությունները, մինչև չկատարվեն իր պահանջները։
Իրանը պահանջում է դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում և փոխհատուցել պատճառված վնասը, վերացնել պատժամիջոցներն ու ծովային շրջափակումը, ազատել իր սառեցված ակտիվները, ճանաչել Հորմուզի նեղուցի նկատմամբ իր իրավունքները և անվտանգության երաշխիքների տալ:
Իրանը նաև հերքում է քիմիական զենք մշակելու մասին պնդումները: Արտգործնախարարության խոսնակն ավելի վաղ ասել է, որ դա «կեղծիք» է, որով ԱՄՆ-ն ցանկանում է երկարատև պատերազմի համար կեղծ հիմքեր ստեղծել: