«Ընդդիմադիր համախմբումը» մերժում է նոր Սահմանադրության նախագիծը

«Ընդդիմադիր համախմբումը» մերժում է իշխանության հրապարակած նոր Սահմանադրության նախագիծը՝ պնդելով, որ այն ոչ միայն Ադրբեջանի պահանջով է մշակվել, այլև հնարավորություն է տալիս իշխանություններին ավելի ամրապնդել իրենց դիրքերը։ Այս մասին ասված է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարությունում։

«Գործ ունենք ոչ միայն օտար պետության պարտադրանքի, այլև երկրի ներսում՝ իշխանության կենտրոնացման և ավտորիտար կառավարման համակարգի ամրապնդման հետ», - նշված է հայտարարությունում։

Ընդդիմադիրները պնդում են, որ Սահմանադրության փոփոխությունը Բաքվի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է, իսկ Հայաստանի իշխանություններն այդ գործընթացն օգտագործում են իրենց ձեռքում իշխանությունը կենտրոնացնելու և զսպումների ու հակակշիռների մեխանիզմները վերացնելու համար։

«Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը», - հայտարարել է «Ընդդիմադիր համախմբումը»՝ աջակցություն հայտնելով խորհրդարանական ընդդիմության դիրքորոշմանը։

Նրանք նաև հայտնել են, որ պատրաստ են միավորել ուժերը նոր Սահմանադրության ընդունման դեմ պայքարում և առաջիկա օրերին կհայտարարեն այդ հարցով հանդիպման մասին։

Հայտարարությունը հաջորդել է խորհրդարանական ընդդիմության՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկը մերժելուն։ Վարչապետն առաջարկել էր ընդդիմադիրներին կողմ քվեարկել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն՝ փոխարենը խոստանալով հեռանալ վարչապետի պաշտոնից՝ անկախ հանրաքվեի արդյունքից։

«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները մերժել են առաջարկը՝ պնդելով, որ չեն պատրաստվում աջակցել այն Սահմանադրությանը, որն անվանում են «ալիևյան»։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» էլ հայտարարել են, որ ընդդիմությանը ժամանակ կտան վերանայելու իր դիրքորոշումը և չեն բացառում հանրային ճնշումները։ Վարչապետ Փաշինյանը վստահեցնում է, որ Սահմանադրության նախագիծն արտաքին ճնշման տակ չի մշակվել, միաժամանակ շեշտում, որ այն փակելու է կոնֆլիկտի էջը Հայաստանի հարևանների հետ:


​
XS
SM
MD
LG