Ֆրանսիայի Սենատը հավանություն է տվել օրենքին, ըստ որի՝ զենք կիրառած ոստիկանի գործողությունները համարվում են օրինական, քանի դեռ հակառակը չի ապացուցվել։ Օրենքին կողմ է քվեարկել 205 սենատոր, դեմ՝ 110-ը։
Օրինագիծը երկար ժամանակ առաջ էին տանում ծայրահեղ աջ քաղաքական ուժերը։ Քննադատներն այն անվանել են «սպանելու արտոնագիր»՝ մտահոգություն հայտնելով, որ այն կարող է ոստիկանների անպատժելիության հանգեցնել և դժվարացնել զոհերի ընտանիքների համար արդարադատության հասնելը։
ՄԱԿ-ի զեկուցողը մտահոգված է՝ օրենքը կարող է ոստիկանների անպատժելիության հանգեցնել
Արտադատական մահապատիժների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մորիս Թիդբալ-Բինցը նույնպես մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ ապացույցներ հավաքելու պարտականությունը չպետք է դրվի զոհերի և նրանց ընտանիքների վրա, հատկապես երբ կարևոր ապացույցները գտնվում են իշխանությունների ձեռքում։
Օրենքի դեմ են հանդես եկել մի շարք պատգամավորներ, իրավապաշտպան կազմակերպություններ և արհմիություններ։ Ձախակողմյան խորհրդարանական խմբերը մտադիր են դիմել Սահմանադրական խորհուրդ՝ օրենքը վիճարկելու համար։
Ֆրանսիայի կառավարությունն աջակցում է օրենքին։ Ներքին գործերի նախարար Լորան Նյունեզի խոսքով՝ այն անհրաժեշտ է վտանգավոր պայմաններում աշխատող ոստիկաններին պաշտպանելու համար։
Օրենքի ընդունման շուրջ քննարկումները տեղի են ունենում ոստիկանության բռնությունների վերաբերյալ շարունակվող քննադատությունների ֆոնին։ Դրանցից ամենահայտնի դեպքերից մեկը 2023 թվականին 17-ամյա Նահել Մերզուքի սպանությունն էր, որը Ֆրանսիայում համազգային անկարգությունների պատճառ դարձավ։