Մոուրինյուն հեռացել է ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչը հրաժարվել է խոսել Կրիշտիանու Ռոնալդուի՝ Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։

Ժոզե Մոուրինյուն կտրուկ ընդհատել է մամուլի ասուլիսը, երբ նրան խնդրել են մեկնաբանել Կրիշտիանու Ռոնալդուի՝ Պորտուգալիայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու որոշումը։

«Արդյոք ասելիք չունեք Պորտուգալիայի հավաքականի՝ տղամարդկանց միջազգային ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուի բացակայությամբ անցկացվելիք առաջին խաղերի վերաբերյալ»,- լրագրողը հարցը դեռ չէր ավարտել, երբ Մոուրինյուն սկսել է մատը շարժել՝ հստակ ցույց տալով, որ ցանկություն չունի քննարկելու այդ թեման։

«Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ: Որպես պորտուգալացի՝ միակ բանը, որ կասեմ, այն է, որ ցանկանում եմ՝ Պորտուգալիան շարունակի հաղթել։ Դրանից հետո ես ձեռքերս լվանում եմ այս հարցից և այլևս չեմ խոսում։ Շնորհակալություն»։

Ապա նա արագ վեր է կացել, հեռացել բեմից և այդպիսով ավարտել մամուլի ասուլիսը։

Մոուրինյուի և Ռոնալդուի ոչ միանշանակ հարաբերությունները

Մոուրինյուն և Ռոնալդուն միասին աշխատել են Մադրիդի «Ռեալում» 2010-2013 թվականներին, սակայն նրանց հարաբերությունները միշտ չէ, որ հարթ են եղել։

Նրանց առաջին հրապարակային տարաձայնությունը ծագել էր դեռևս 2007-ին, երբ Ռոնալդուն, այն ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը, քննադատել էր Մոուրինյուին՝ ասելով, որ վերջինս չի ընդունում սեփական սխալները։ Մոուրինյուն նրան «ստախոս» էր անվանել։

«Ռեալում» աշխատելու տարիներին տարաձայնությունները շարունակվել էին: Ռոնալդուն նաև հայտարարել էր, որ իրեն չի հետաքրքրում՝ կմնա՞ արդյոք Մոուրինյուն մադրիդյան ակումբում։ Ավելի ուշ, սակայն, նրանց հարաբերությունները բարելավվել են․ Ռոնալդուն Մոուրինյուին անվանել է իր կարիերայի լավագույն մարզիչը:

41-ամյա պորտուգալացի հարձակվողն ազգային ընտրանում ելույթներն ավարտելու մասին հայտարարել էր նոյեմբերի 5-ին և հրաժարվել հրաժեշտի հանդիպում անցկացնելուց։

​
XS
SM
MD
LG