Մատչելիության հղումներ

Ռոնալդուն հեռանում է միջազգային ֆուտբոլից

Աշխարհի առաջնության գավաթը, սակայն, այդպես էլ մնաց Ռոնալդուի համար անհասանելի

Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարում է միջազգային ֆուտբոլից հեռանալու մասին՝ ավարտելով ավելի քան երկու տասնամյակ տևած կարիերան Պորտուգալիայի հավաքականում։

Հավաքականի կազմում անցկացրած 234 խաղում 41-ամյա ֆուտբոլիստը դարձել է ռեկորդային 146 գոլի հեղինակ։ Ավելի քան երկու տասնամյակ տևած նրա ճանապարհը համընկավ Պորտուգալիայի հավաքականի վերելքի հետ, որն առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն, ապա երկու անգամ նվաճեց Ազգերի լիգայի գավաթը։

Ռոնալդուի միջազգային ճանապարհը սկսվել է 2003 թվականին՝ Ղազախստանի դեմ խաղում։ Մեկ տարի անց նա սեփական հարկի տակ անցկացվող Եվրոպայի առաջնության եզրափակչում պարտվեց Հունաստանին։

Առաջին խոշոր տիտղոսը Պորտուգալիան նվաճեց միայն 2016-ին՝ Ֆրանսիայի դեմ եզրափակիչ խաղում։ Վնասվածքի պատճառով Ռոնալդուն խաղադաշտը լքեց արդեն 25-րդ րոպեին, իսկ թիմակիցները հաղթանակի հասան առանց իրենց ավագի։

Աշխարհի առաջնության գավաթը, սակայն, այդպես էլ մնաց նրա համար անհասանելի։

Ոչ միանշանակ հրաժեշտ

Ռոնալդուի միջազգային կարիերան ավարտվում է ոչ այնքան միանշանակ հանգամանքներում։ Հավաքականից հեռանալու մասին նրա հայտարարությանը նախորդել էր տարաձայնություն գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսի հետ։

Նորվեգիայի դեմ խաղում Ռոնալդուին խաղադաշտ դուրս չբերելու մարզչի որոշումը հարցեր էր առաջացրել։

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել Ռոնալդուին՝ նշելով, որ նա արժանի է իր ավանդին ու ձեռքբերումներին համարժեք հրաժեշտի։

Հնարավոր է՝ այդ հրաժեշտը տեղի ունենա նաև խաղադաշտում, սակայն առայժմ պարզ չէ՝ երբ և ինչ ձևաչափով։


​
XS
SM
MD
LG