ԱԱԾ-ն հաստատում է՝ պաշտոնանկ արված տնօրենի տեղակալը խորհրդական է նշանակվել

Դավիթ Սանամյան, արխիվ
Դավիթ Սանամյան, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է՝ Սյունիքի մարզ ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումից հետո պաշտոնանկ արված ԱԱԾ տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի խորհրդական:

«Ազատությանն» հարցմանն ի պատասխան՝ կառույցից հայտնել են, որ Սանամյանի նշանակումը եղել է նոյեմբերի 2-ին՝ տեղակալի պաշտոնից ազատվելուց մեկ ամիս անց: Սանամյանի հիմնական պատասխանատվության ուղղությունը ԱԱԾ Սահմանապահ զորքերի համակարգումն ու վերահսկողությունն էր։

Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը, ըստ մեղադրական եզրակացության, Հայաստանի տարածք էր ներթափանցել սեպտեմբերի 26-ին և 5 օր շարունակ աննկատ մնացել:

ԱԱԾ-ից նաև հարցրել էինք, թե արդյոք Սյունիք ադրբեջանցի զինծառայողի ներթափանցո՞ւմն էր Սանամյանի պաշտոնանկության պատճառը: Այս հարցին կառույցից չեն պատասխանել, միայն նշել են. - «Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով լիազորված մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոն զբաղեցնողները հանրային պաշտոն զբաղեցնող անձինք են, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով»:

Մյուս հարցին էլ, թե ինչո՞վ է պայմանավորված խորհրդականի պաշտոնում Սանամյանի նշանակումը, արձագանքել են. - «Ազգային անվտանգության մարմիններում անձանց պաշտոնի նշանակումն իրականացվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության առջև դրված խնդիրները լուծելու, ինչպես նաև գործառույթների պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով»:


​
XS
SM
MD
LG