ՄԻԵԴ-ը Թուրքիայից պահանջել է ազատ արձակել իրավապաշտպան Աթալային

Թուրք պատգամավոր, իրավապաշտպան Ջան Աթալա
Թուրք պատգամավոր, իրավապաշտպան Ջան Աթալա

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռել է, որ Թուրքիան պետք է ազատ արձակի բանտարկված իրավապաշտպան Ջան Աթալային և հնարավորություն տա նրան զբաղեցնել իր տեղը խորհրդարանում։

Ստրասբուրգի դատարանի այսօր հրապարակած վճռում նշվում է, որ Աթալայի շարունակվող կալանքը նպատակ է ունեցել լռեցնել քաղաքական գործչին և սահմանափակել քաղաքական բազմակարծությունը։ Դատարանը նաև պարտավորեցրել է Թուրքիային նրան վճարել 32 հազար 500 եվրո փոխհատուցում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շեշտել է, որ Աթալայի գործը չի կարելի դիտարկել առանձին․ այն պետք է դիտարկել Թուրքիայում քաղաքական ընդդիմախոսների, իրավապաշտպանների և լրագրողների կալանավորման ավելի լայն համատեքստում։

2022-ի ապրիլին Աթալայը դատապարտվել էր 18 տարվա ազատազրկման՝ 2013-ի հակակառավարական Գեզիի բողոքի ցույցերի գործով՝ պետական հեղաշրջման փորձին աջակցելու մեղադրանքով։ Այդ ժամանակվանից նա անազատության մեջ է։

2023-ի խորհրդարանական ընտրություններում Աթալայն ընտրվել էր պատգամավոր։ Թուրքիայի Սահմանադրական դատարանը հետագայում նրա կալանքը ճանաչել էր անօրինական՝ նշելով, որ որպես պատգամավոր՝ նա ունի խորհրդարանական անձեռնմխելիություն, և կարգադրել էր ազատ արձակել նրան։ Սակայն Վճռաբեկ դատարանը հրաժարվել էր կատարել այդ որոշումը, իսկ Աթալայը զրկվել էր պատգամավորական մանդատից։

ՄԻԵԴ-ն իր վճռում նշել է, որ հիմքեր չի տեսնում չհամաձայնելու Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշումներին, որոնք, ըստ Ստրասբուրգի դատարանի, եղել են «հստակ և միանշանակ»։


​
XS
SM
MD
LG