«Բա ո՞վ է գնալու բանակ ծառայելու». ԱԺ-ում քննարկեցին զորակոչային տարիքը բարձրացնելու նախագիծը

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվել է աշխարհի լավագույն բուհերում ուսման համար տարկետում ստացած քաղաքացիների զորակոչային տարիքային շեմը մինչև 32 տարեկան բարձրացնելու նախագիծը:

Գործող կարգավորմամբ՝ այդ քաղաքացիները կարող են ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի աշխատել Հայաստանում՝ կառավարության սահմանած ոլորտներում, և այդ պայմանը կատարելու դեպքում ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։

Սակայն, ինչպես ներկայացրել է Կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը, արտասահմանյան բուհերում սովորող, մասնավորապես՝ ասպիրանտական կրթություն ստացող երիտասարդների ուսումնառությունն ավարտում է 27-28 տարեկանում և գործող զորակոչային տարիքային շեմի պատճառով չեն կարողանում օգտվել աշխատանքի համար նախատեսված տարկետումից:

Նախագծով առաջարկվում է այդ շեմը բարձրացնել մինչև 32 տարեկան՝ հնարավորություն տալով նրանց ուսումն ավարտելուց հետո աշխատել Հայաստանում և սահմանված պայմանները կատարելու դեպքում ազատվել զինծառայությունից։

Քննարկման ընթացքում, սակայն, հնչել են ոչ միայն նախագծին, այլև ընդհանրապես տարկետումների համակարգին վերաբերող քննադատություններ։

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանից» Էդգար Ղազարյանի համոզմամբ՝ բոլոր արտոնությունները պետք է վերացվեն, իսկ երիտասարդները 18 տարին լրանալուն պես պարտադիր ծառայության մեկնեն։

«Ես ինքս՝ որպես երկարամյա դասախոս, ուղիղ առնչություն եմ ունեցել այն մարդկանց հետ, ովքեր տարկետումից են օգտվել։ Իմ փորձագիտական եզրակացությունն այն է, որ բոլոր տեսակի արտոնությունները պետք է հանվեն։ Մարդը 18 տարեկան դարձավ՝ պիտի գնա բանակ ծառայելու», - հայտարարել է Ղազարյանը:

Նրա պնդմամբ՝ տարկետումը խաթարում է երիտասարդների կրթական ու անձնական կյանքի բնականոն ընթացքը. ասպիրանտուրան ավարտելուց հետո բանակ մեկնած քաղաքացիները ծառայությունից վերադառնալիս դժվարանում են աշխատանք գտնել, ընտանիք կազմել ու շարունակել մասնագիտական գործունեությունը:

Իշխող ՔՊ-ից Սասուն Միքայելյանի հակադարձել է, որ նման հնարավորությունների բացակայության դեպքում արտերկրում ուսում ստացած երիտասարդները պարզապես Հայաստան չէին վերադառնա: Իսկ Էդգար Ղազարյանի՝ 18 տարեկանից բոլորի համար պարտադիր ծառայություն սահմանելու առաջարկին Միքայելյանն արձագանքել է՝ ասելով, որ Ղազարյանն էլ կարող է հիմա գնալ ծառայելու՝ «դեռ ուշ չէ»։

Ղազարյանը նաև հարց է բարձրացրել, թե ինչպես են միասին ծառայելու տարիքային մեծ տարբերություն ունեցող զինծառայողները։ Նրա խոսքով՝ կարող է ստացվել, որ զինվորներն իրենց սպաներից տարիքով մեծ լինեն, ինչը բարոյահոգեբանական խնդիրներ կառաջացնի։

Նախարար Անդրեասյանը նման խնդիր չի կանխատեսում՝ նշելով, որ առաջարկվող կարգավորումները հնարավորություն են տալիս երիտասարդներին կատարել զինվորական պարտքը՝ միաժամանակ շարունակելով մասնագիտական կարիերան։

Քննարկման ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ անդրադարձել է պարտադիր զինծառայությունից ազատելու այլ նախաձեռնություններին։

«Արդեն երկու նախագիծ ունենք պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ։ Մեկը վերաբերում է աշխարհի 50 լավագույն բուհերի շրջանավարտներին, մյուսով ՆԳՆ-ն առաջարկում է ազատել ոստիկանական և փրկարար ծառայության բուհեր ընդունվածներին։ Բա ո՞վ է գնալու բանակ ծառայելու, ո՞վ», - հարցրել է պատգամավորը։

Ներքին գործերի նախարարությունն իր հերթին առաջարկում է պարտադիր զինծառայությունից տարկետում տրամադրել ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետպատվերով սովորողներին, իսկ եթե տարկետում ստացածները ծառայության անցնեն ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում՝ ազատել պարտադիր զինծառայությունից:

Գործող կարգավորմամբ ՆԳՆ ուսումնական հաստատություն ընդունվելու համար հիմնականում անհրաժեշտ է նախապես բանակում ծառայած լինելը: ՆԳՆ-ն հիմնավորում է, որ այս փոփոխությունը թույլ կտա դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ընտրել ոստիկանի կամ փրկարարի մասնագիտությունը և կբարձրացնի այդ մասնագիտությունների գրավչությունը:

Գեղամ Մանուկյանը տարկետման արտոնությունների ընդլայնմանը դեմ արտահայտվեց՝ պնդելով, որ այսպես խորանում են բանակի համալրման և զինվորների կրթական մակարդակի հետ կապված խնդիրները:

«Բանակում գրագետ զինվորների պակաս կա», - նկատել է ընդդիմադիր պատգամավորը:

Չնայած ընդդիմության առարկությանը, և՛ արտասահմանում սովորողներին, և՛ ապագա ոստիկաններին ու փրկարարներին վերաբերող նախագծերը դրական եզրակացություն ստացան և կքննարկվեն խորհրդարանի առաջիկա լիագումար նիստում:

​
XS
SM
MD
LG