Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուբլինում հայտարարել է, որ այժմ պատմական հնարավորություն է ստեղծվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, որը Հայաստանն իրավունք չունի բաց թողնելու։
«Երկու օր առաջ ես շատ դրական հանդիպում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Արձանագրեցինք, որ առաջընթաց ենք գրանցել և չափազանց մոտ ենք վերջնական քայլին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների ամբողջական բացմանը»,- Դուբլինում հայտարարել է Փաշինյանը։
Երևանն ու Անկարան 2021 թվականից պայմանավորվել են հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, սակայն թուրքական կողմը հայ - թուրքական հաշտեցումը մշտապես պայմանավորել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով: Արդյունքում՝ մինչ օրս կյանքի չի կոչվել անգամ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայմանավորվածությունը:
Վերջին շրջանում հայ պաշտոնյաները լավատեսական հայտարարություններ են հնչեցնում երեք տասնամյակից ավելի փակ սահմանի բացման հեռանկարի մասին:
Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ կառավարության ղեկավարը հայտնել է, որ նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո համոզվել է՝ տևական խաղաղության հասնելու իրատեսական հնարավորություն կա։
«Ամբողջ պատմությունը փոխելը շատ բարդ է։ Այս ընթացքում մենք անխուսափելիորեն կբախվենք միջազգային, ներքին խնդիրների ու հոգեբանական բարդությունների, ի հայտ կգան մեր պատմությանը վերաբերող հարցեր և այլն։ Սակայն հիմա ես կարող եմ միանշանակ ասել, որ կայուն, երկարաժամկետ և վստահելի խաղաղությունն արդեն հասանելի է մեզ։ Պարզապես պետք է օգտվել այս հնարավորությունից»,- հայտարարել է վարչապետը՝ ընդգծելով, որ այս «պատմական շանսն իրագործելն իր անձնական առաքելությունն է»:
Միևնույն ժամանակ, Փաշինյանն ընդգծել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը կարևոր է ոչ միայն Հայաստանի ապագայի, այլև Եվրամիության հետ կապերի զարգացման համար։