Բարեփոխումների խորհուրդը դեռ չի քննարկել նոր Սահմանադրության նախաբանը. այսօր նիստ է գումարում, հավանաբար՝ վերջինը

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը, 13-ը նոյեմբերի, 2026 թ.
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը, 13-ը նոյեմբերի, 2026 թ.

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն այս պահին հերթական նիստն է գումարում: Նիստից առաջ խորհրդի անդամներից «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չբացառեց, որ սա նախքան տեքստի հրապարակումը գուցե վերջին նիստը լինի:

«Բայց հրապարակումից հետո կշարունակվեն քննարկումները»,- ասաց Մարուքյանը։

Խորհուրդը ղեկավարող արդարադատության նախարարն օրերս վերահաստատել էր, որ նոր Սահմանադրության նախագիծն այս ամիս կհրապարակվի: Սրբուհի Գալյանն անգամ հրապարակման համար որպես մոտավոր ժամկետ նշել էր նոյեմբերի կեսը:

«Նախագծի 95 և ավելի տոկոսը հասցրել ենք խորհրդի հետ քննարկել ենք, եթե չեմ սխալվում: Կարծում եմ՝ մինչև տեքստի հրապարակումը ևս մեկ նիստ կհասցնենք անել: Իսկ տեքստի հրապարակումն արդեն նախանշվում է այս ամսվա ընթացքում, գուցե ամսվա կեսին»,- նշել էր նախարարը:

Սրբուհի Գալյանը նաև հանրությանը հորդորել էր հրապարակումից հետո նախագծին քննադատաբար մոտենալ և անել դիտարկումներ ու առաջարկներ, որպեսի փաստաթղթի շուրջ լայն քննարկումներ կազմակերպվեն:

Էդմոն Մարուքյանն այսօր տեղեկացրեց, որ ամբողջական նախագծին դեռ ծանոթ չեն, խորհուրդը նոր Սահմանադրության նախաբանը դեռ չի քննարկել:

«Ովքեր բարձրացնում են Անկախության հռչակագրի հարցը և հնչեցնում են մեկնաբանություններ, որոնք նաև Բաքվից են հնչում, թե այդ փաստաթուղթը կոնֆլիկտածին է, առաջ են տանում Ադրբեջանի թեզերը և հակառակը՝ անտեսում են Հայաստանի սահմանադրական դատարանի որոշումը, որով հստակ նշվել է, որ Հայաստանի Սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ որևէ երկրից, այդ թվում՝ Ադրբեջանից, չի ենթադրում», - «Ազատությանը» նիստից առաջ ասաց Մարուքյանը:

Բաքուն հրաժարվում է ստորագրել ավելի քան մեկ տարի առաջ նախաստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունից չի հեռացվել հղումն Անկախության հռչակագրին:

Իշխանություններն արդեն հայտարարել են, որ նոր նախագծում Անկախության հռչակագրին հղում չի լինի: 1990 թվականին ընդունված այդ փաստաթղթում հղում կա Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորման մասին Գերագույն խորհրդի որոշմանը:

Այս հանգամանքը ներքաղաքական լարվածություն է առաջացրել Հայաստանում: Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները պնդում են, որ Սահմանադրությունը փոխվում է Բաքվի պահանջով, ուստի իրենք կողմ չեն քվեարկի դրան: Բայց առանց ընդդիմադիրների առնվազն 6 ձայնի իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» չի կարող Սահմանադրության նախագիծը հաստատել ու դնել հանրաքվեի:

Իշխանությունները հերքում են Բաքվի պահանջով Սահմանադրություն փոխելու մեղադրանքները, միաժամանակ ընդունում, որ առանց փոփոխության՝ Ադրբեջանի իշխանությունները չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը:

Նախօրեին Դուբլինում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, սակայն կողմերի հաղորդագրությունից պարզ չդարձավ՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը անդրադարձել են նաև Հայաստանի Սահմանադրության շուրջ ընդդիմության մտահոգություններին:


​
XS
SM
MD
LG