ՀՀ դժգոհությունները ՀԱՊԿ-ից անհիմն են, ԼՂ-ի պատասխանատվությունը Մոսկվայի վրա բարդելու փորձ. Մատվիենկո

Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն
Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն

«Հայաստանի դժգոհությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) անհիմն են և Ղարաբաղի համար պատասխանատվությունը Ռուսաստանի և այդ կազմակերպության վրա բարդելու փորձ են»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։

«Ինձ թվում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ի նկատմամբ նման անհիմն դժգոհությունը, իմ կարծիքով, Ղարաբաղի համար պատասխանատվությունը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի վրա բարդելու փորձ է։ ՀԱՊԿ-ն այդ պայմաններում գործել է՝ կրկին ընդգծեմ, խստորեն համաձայն իր կանոնադրական փաստաթղթերի»,- Հանոյում լրագրողների հետ զրույցում ասել է Մատվիենկոն։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը շարունակելու կամ դադարեցնելու որոշում կայացնելը Երևանի իրավունքն է, սակայն, եթե Հայաստանը որոշի դուրս գալ կազմակերպությունից, «շատ բան կկորցնի»։

Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում Հայաստանը զրկվեց կազմակերպությունում ձայնի իրավունքից՝ երկու տարուց ավելի անդամավճարները չվճարելու պատճառով։

Երևանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքները և երկրորդ տարին է՝ չի վճարում անդամավճարը, ինչն էլ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ ձայնի իրավունքից զրկելու հիմք է:

2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երևանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ 2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, հայկական կողմը դադարեց մուծել նաև անդամավճարը։


​
XS
SM
MD
LG