ԱԺ-ում «քաղբանտարկյալ» ձևակերպումը վրդովեցրեց ՔՊ պատգամավորին

Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ամփոփմանը նվիրված նիստն այսօր սկսվել է բանտում մահացած «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանն առաջարկեց հարգել կուսակցի հիշատակը՝ նրան անվանելով «քաղբանտարկյալ»։

Լռության րոպեից անմիջապես հետո, սակայն, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Ծովինար Վարդանյանը հորդորեց չքաղաքականացնել մահվան դեպքը։

«Կարծում եմ՝ ճիշտ չէ քաղաքականացնել հարցը։ Ես, իմ հարգանքի տուրքը մատուցելով մահացած մարդուն, կարծում եմ՝ ավելի բարեկիրթ ու զգայուն եմ գտնվում, քան դուք՝ ձեր գործընկերոջ նկատմամբ։ Կարելի էր անուն-ազգանունը նշել։ Եթե դուք կարծիք ունեք, դա այլ բան է, բայց պետք է զգույշ գտնվենք, չի կարելի մահը քաղաքականացնել», - ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Մանուկյանն արձագանքեց, թե «գնահատականների մասով հետագայում կհամոզվենք»։

46-ամյա Արսեն Գևորգյանը, որը Ստեփանավանի համայնքային ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածուն էր, մահացել է երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ կալանքի 21-րդ օրը։

Ըստ պաշտոնական տեղեկության՝ Գևորգյանը վաղ առավոտյան վատ է զգացել, նրան առաջին օգնություն է ցուցաբերվել, ապա շտապօգնություն է կանչվել։ Մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։

​
XS
SM
MD
LG