Մատչելիության հղումներ

Ռուսաստանից ստացված նամակով չի բացառվում գազի թանկացումը. Խուդաթյան

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյան
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյան

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չի բացառել ռուսական գազի թանկացումը։ Նրա խոսքով՝ հայկական կողմը Ռուսաստանից ստացված նամակին պատշաճ պատասխանել է:

«Մենք նամակին պատշաճ պատասխանել ենք։ Այո, այդ նամակով չի բացառվում՝ գազի գնի թանկացման հնարավորությունը։ Թույլ տվեք մեր պատասխանի մանրամասները չասեմ», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Խուդաթյանը։

Պաշտոնական Մոսկվան գարնանը՝ Հայաստանում նախընտրական քարոզարշավի օրերին էր նամակ ուղարկել Դավիթ Խուդաթյանի ղեկավարած գերատեսչությանը: Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը գրել էր, թե Մոսկվան կարող է դադարեցնել Հայաստանին բնական գազի և նավթամթերքի մատակարարումը ներկայիս գներով, թե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից և գնա Եվրամիություն:

Հարցին՝ արդյո՞ք քննարկումներ կան 2027 թվականի առաջին եռամսյակում ավարտվող գազի գնի պայմանագիրը շարունակելու շուրջ, նախարարը պատասխանել է, որ այդ հարցերը իր ղեկավարած նախարարության համակարգման տիրույթում չեն:

«Բավարար չափով տեղյակ չեմ, որ դրան տամ այնպիսի պատասխան, որը խուճապ առաջացնող վերնագիր չդառնա», - ասել է նա։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը օրերս հայտարարել էր, որ հայկական կողմը ռուսական «Գազպրոմից» կամ «Գազպրոմ Արմենիայից» գազի հնարավոր թանկացման վերաբերյալ պաշտոնական գրություն չի ստացել։ Նա հույս էր հայտնել, որ գազի գինը չի բարձրանա, միաժամանակ զգուշացրել, որ թանկացման դեպքում կաճի նաև էլեկտրաէներգիայի սակագինը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ ասել էր, թե գազի գնի փոփոխությունը կարող է Հայաստանի տնտեսության վրա 5-7 տոկոս կամ ավելի ազդեցություն ունենալ:

Հոկտեմբերին հրապարակված ԵԱՏՄ զեկույցում նշված է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի համար բնական գազը կթանկանա գրեթե 70 տոկոսով:


​
XS
SM
MD
LG