Մատչելիության հղումներ

Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի, օրինագիծն ԱԺ չի ուղարկվի. Թորոսյան

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյան, արխիվ
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյան, արխիվ

Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի, և հանրային քննարկման դրված օրենքի նախագիծը Ազգային ժողով չի ուղարկվի, այսօր Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում հայտարարեց աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մենք նայել ենք, հետևել ենք հանրային արձագանքներին, ինչպես նաև քննարկումներ ենք ունեցել մեր գործընկերների հետ Ազգային ժողովում՝ անցյալ շաբաթ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, և որոշում ենք կայացրել այդ [թաղման նպաստի շահառուների ցանկը վերանայելու և ավելի հասցեական դարձնելու օրենսդրական փոփոխության] մասով մեր նախաձեռնությունը առաջ չտանել, այսինքն՝ որևէ փոփոխություն չիրականացնել», - ասաց նախարարը:

«Այն բոլոր քաղաքացիները, որոնք որ այսօրվա կարգավորումներով պետք է ստանային այդ նպաստը, կշարունակեն ստանալ, այսինքն՝ այս մասով որևէ փոփոխություն չի նախաձեռնվի, և օրենքի նախագիծը, որ մենք դրել էինք հանրային քննարկման, Ազգային ժողով չի ուղարկվի», - հայտարարեց Թորոսյանը:

Հիշյալ նախաձեռնությամբ Կառավարությունը մտադիր էր 2027 թվականի հունվարից կտրել քաղաքացու մահվան դեպքում տրամադրվող 200 հազար դրամ միանվագ նպաստը՝ թողնելով այն միայն իր չափանիշներով անապահով ընտանիքների համար, և փոխարենը 1000 դրամով բարձրացնել նվազագույն կենսաթոշակը:

«Ազատության» հետ զրույցներում, մասնավորապես, քաղաքացիները հիմնականում խստորեն քննադատում էին Կառավարության այդ նախաձեռնությունը:



​
XS
SM
MD
LG