«Թրամփի ուղի» (ԹՐԻՓՓ) նախագիծը համահունչ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանը դարձնել առևտրի և տարանցման տարածաշրջանային հանգույց, անցած շաբաթավերջին Երևանում անցկացված Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։
Ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ նախագիծը տնտեսական հնարավորություններ է ստեղծում նաև Միացյալ Նահանգների համար։
«Միացյալ Նահանգների համար այն կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև և առաջ է մղում կայուն, բարգավաճ և փոխկապակցված Հարավային Կովկասի հետ կապված մեր ռազմավարական շահը», - ասել է Ալենը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը համոզված է, որ հարևան երկրների միջև առևտրային կապերը նվազեցնում են պատերազմի հավանականությունը։
«Երբ ճանապարհն ու երկաթուղին հատում են սահմանները, դրանք սոսկ ապրանքներ չեն փոխադրում, դրանք վստահություն են փոխադրում», - ընդգծել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը:
Հայաստանը, Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը նախօրեին հայտարարեցին TRIPP-ի իրականացման տեխնիկական պլանավորման եռակողմ աշխատանքային խմբերի գործարկման մասին:
Երեք երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են առաջին փուլում աշխատանքներ սկսել տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման ուղղություններով՝ լուծելու նախագծի իրականացման տեխնիկական հարցերը և նախապատրաստելու հաջորդ քայլերը:
TRIPP-ը հայ-ամերիկյան ենթակառուցվածքային նախագիծ է, որը Հայաստանի Սյունիքի մարզով պետք է կապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին։ Այն նախատեսում է երկաթուղու, ավտոճանապարհի, էներգետիկ և հաղորդակցության ենթակառուցվածքների կառուցում։
Հայաստանի իշխանությունների հայտարարությունների համաձայն՝ նախագծի շինարարությունը նախատեսվում է սկսել 2027 թվականին։