Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը, Երևանը և Բաքուն եռակողմ տեխնիկական խմբեր են ստեղծել՝ TRIPP-ն առաջ մղելու համար

Միացյալ Նահահանգները, Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում են եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի ստեղծման մասին՝ առաջ մղելու TRIPP նախագիծը:

Երեք պետությունների համատեղ հայտարարությունը տարածվել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Վահան Կոստանյանի և Էլնուր Մամեդովի անունից:

«Եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի ձևաչափը միավորում է երեք երկրների քաղաքականություն մշակողներին և տեխնիկական փորձագետներին՝ համագործակցաբար աշխատելու և տարածաշրջանում երկարաժամկետ կայունության, տնտեսական կենսունակության, տարածաշրջանային փոխկապակցվածության և առևտրային բարգավաճման ապահովմանը նպաստելու նպատակով՝ վերահաստատելով նախագահ Թրամփի միջնորդությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին կայացած Խաղաղության գագաթնաժողովի անկյունաքարային հռչակագրի նշանակությունը», - նշված է հայտարարությունում:

Ամերիկացի մասնագետները TRIPP-ի տեղանքում, 10-ը հուլիսի, 2026թ.
Ամերիկացի մասնագետները TRIPP-ի տեղանքում, 10-ը հուլիսի, 2026թ.

Կողմերը տեղեկացրել են, որ պայմանավորվել են առաջինը գործարկել տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման ուղղություններով եռակողմ տեխնիկական խմբերը՝ «տեսլականը շոշափելի առաջընթացի վերածելու ընդհանուր հանձնառությամբ»:

Նշվում է, որ պլանավորման այս խմբերի ձևավորումը կարևոր քայլ է բարդ տեխնիկական հարցերի լուծման և իրականացման հաջորդ փուլերին անցնելու ուղղությամբ, այդ թվում՝ տարածաշրջանային այլ ենթակառուցվածքների հետ կապի ապահովման առումով։

«Կողմերը վերահաստատել են TRIPP-ի բոլոր բաղադրիչների՝ հնարավորինս սեղմ ժամկետներում գործարկումն ապահովելու իրենց համապատասխան հանձնառությունները», - հայտարարում են երեք պետությունները:

TRIPP-ը հայ - ամերիկյան ենթակառուցվածքային նախագիծ է, որը պետք Հայաստանի հարավային Սյունիքի մարզով Նախիջևանը կապի Ադրբեջանի հետ: Այն ներառում է երկաթուղի, ավտոճանապարհ, նավթատար, գազատար խողովակաշարեր, հոսանքի և ինտերնետային կապի գծեր:

Նախքան եռակողմ տեխնիկական խմբերի մասին հայտարարելը՝ ուղիղ մեկ ամիս առաջ Գորիսում հանդիպել էին հայ և ադրբեջանցի մասնագետներն ու քննարկել էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերը: Հոկտեմբերի վերջին էլ TRIPP-ի տեղանք էին այցելել հայաստանցի պաշտոնյաները՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ:

«Նախագծման աշխատանքների մեկնարկը կազմակերպելու նպատակով էինք տեղում ծանոթանում ենթակառուցվածքների պոտենցիալ դասավորությանը: Խոսքը այս փուլում երկաթգծի, ավտոճանապարհի և էներգետիկ ենթակառուցվածքի՝ լարանցման մասին է», - կառավարության նիստում տեղեկացրել էր փոխվարչապետը:

TRIPP-ի վերաբերյալ հայ - ամերիկյան ռազմավարական համաձայնագիրը Հայաաստանի խորհրդարանում վավերացվեց անցած շաբաթ: Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ենթակառուցվածքային նախագծի շինարարությունը կմեկնարկի հաջորդ տարի, և որ այն շահավետ կլինի ու նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանի բոլոր երկրների համար:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG