Մատչելիության հղումներ

Իրանում երեք մարդու են մահապատժի ենթարկել՝ ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին գործելու մեղադրանքով

Իրանում երեք մարդու են մահապատժի ենթարկել՝ ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին գործողություններ իրականացնելու և հունվարին տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ընթացքում զինված անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, հաղորդում են իրանական պետական լրատվամիջոցները։

Իրանի դատական իշխանությունների փոխանցմամբ՝ Հասան Դիոբանդը, Համիդ Քազեմին և Ռեզա Զանգանեն մեղադրվել են հրազեն, նռնակներ և Մոլոտովի կոկտեյլներ օգտագործելու, հանրային նշանակության օբյեկտներ հրկիզելու, ինչպես նաև Քարաջ քաղաքում էլեկտրական ենթակայանը վնասելու մեջ, ինչի հետևանքով որոշ շրջաններում էլեկտրամատակարարումն ընդհատվել է։

Դատական մարմինների հաղորդմամբ՝ Դիոբանդը ձերբակալվել էր հունվարի 11-ին՝ հանրային գույքի դեմ հարձակումներ իրականացնելու և բռնության հրահրելու կասկածանքով։ Հետագայում ձերբակալվել էին ևս տասը անձինք, որոնք, ըստ մեղադրանքի, անկարգություններին մասնակցել էին նրա ղեկավարությամբ։

Գործով մյուս մեղադրյալները դատապարտվել են 5-ից 10 տարվա ազատազրկման։

Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ անցած տարի Իրանում մահապատժի է ենթարկվել առնվազն 2159 մարդ։ Սա 1981 թվականից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։

​
XS
SM
MD
LG