Իրանում տարեսկզբին տեղի ունեցած բողոքի ցույցերի հետ կապված գործով ևս երկու տղամարդ է մահապատժի ենթարկվել։ Տղամարդիկ կախաղան են բարձրացվել այսօր վաղ առավոտյան։
«Միզան» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տղամարդիկ մեղադրվում էին Սպահան քաղաքում զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանների սպանությանը մասնակցելու մեջ։
Իրանի իշխանություններն այժմ առնվազն 37 տղամարդու են մահապատժի ենթարկել՝ բողոքի ցույցերի և անկարգությունների հետ կապված գործերով։
Բողոքի ցույցերը սկսվել էին դեկտեմբերի վերջին՝ երկրի տնտեսական ճգնաժամի պատճառով, սակայն կարճ ժամանակում դրանք վերածվել էին երկրի ավտորիտար իշխանությունների դեմ զանգվածային բողոքի ցույցերի։ Իշխանությունները բռնի ուժով ճնշել էին ցույցերը, ինչի հետևանքով հազարավոր ցուցարարներ էին զոհվել։
Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ անցած տարի Իրանում մահապատժի է ենթարկվել առնվազն 2159 մարդ։ Սա 1981 թվականից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։