Ներողություն միջադեպից 9 օր անց, բայց՝ սփյուռքահայերի առաջ
«Ես համոզված եմ, որ աշխարհի ոչ մի դիկտատորական և ոչ մի ավտորիտար երկրում ողջ պատմության ընթացքում դուք նման տեսարաններ տեսած չեք լինի, օրինակ, չկա որևէ ավտորիտար կամ բռնապետական տերություն, որտեղ երբևէ նման տեսարան արձանագրված լինի»,- երեկ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովին՝ պատասխանելով ներկա սփյուռքահայերից մեկի՝ հայրենադարձության մասին հարցին:
«Ճամպրուկները հավաքել, գալ»,- վարչապետի տված խորհուրդը լսած սփյուռքահայ տղամարդն արձագանքել է՝ թե հայրենադարձվել ցանկացողները «երկու անգամ խիստ մտածում են՝ պառլամենտը այս վիճակում տեսնելով»:
«Ի՞նչ վիճակում է պառլամենտը»,-զարմացել է վարչապետը, ինչին ի պատասխան տղամարդը հիշեցրել է վերջին շաբաթվա իրադարձությունները՝ նկատի ունենալով խորհրդարանում հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած ծեծկռտուքը:
Վարչապետն, ով թիմակիցների «ուժային» գործողությունները որակել էր ընդդիմության քայլերին «համարժեք և ճիշտ», այս դահլիճում միջադեպը ներկայացրել է որպես ժողովրդավարական ազատության ապացույց.
«Որ երկրում դա տեղի է ունեցել, նման երկրները սովորաբար ժողովրդավարական երկրներ են։ Ես չգիտեմ ոչ մի ոչ ժողովրդավարական երկիր, որտեղ նման տեսարան տեղի է ունեցել»,- հայտարարել է վարչապետը։
Փաստերը, սակայն, հակառակն են ասում. բազմաթիվ են դեպքերը, երբ ոչ ժողովրդավարական, ավտորիտար կամ կիսաավտորիտար երկրների օրենսդիր մարմնում հայացքների փոխարեն բախվել են բռունցքներ, թռչել են աթոռներ ու դույլեր, կոտրվել սեղաններ, արյուն է հոսել, անգամ չիլի պղպեղի փոշի լցվել, կին պատգամավորներ են լացել և ուշաթափվել ու իրար մազ քաշել՝ խորհրդարանական ծեծկռտուքների քանակով առաջատար հարևան Թուրքիայից մինչև Վենեսուելա, Մեքսիկա, Շրի Լանկա ու աֆրիկյան մայրցամաքի ավտորիտար երկրներ՝ Ուգանդա ու Կոնգո:
Վենեսուելա (2013 թ.)
Մադուրոյի դիկտատուրայի ժամանակ իշխանական պատգամավորները խորհրդարանում արյունլվա արեցին ընդդիմադիրներին։
Ուգանդա (2017 թ.)
Ավտորիտար նախագահի կառավարումը երկարացնելու համար պատգամավորները խորհրդարանում իրար վրա աթոռներ նետեցին։
Շրի Լանկա (2018 թ.)
Ավտորիտար կլանի պատգամավորները խորհրդարանում ջարդեցին կահույքն ու իրար աչքերին չիլի պղպեղ լցրեցին։
Կոնգո (2020 թ.)
Ավտորիտար երկրում պատգամավորները խորհրդարանում իրար վրա աթոռներով հարձակվեցին։
Վրաստան (2023-2024 թթ.)
Երբ իշխանությունը փորձում էր անցկացնել «Ռուսական օրենքը», խորհրդարանը վերածվեց մասսայական ծեծկռտուքի վայրի։
Ուկրաինա (2010 թ.)
Մինչև 2014-ի հեղափոխությունը, ավտորիտար ռեժիմի ժամանակ, պատգամավորները Ռադայում իրար վրա ձվեր էին նետում, բռունցքներով հարվածում։
Նեպալ (2015 թ.)
Սեղաններին բարձրացան ու իրար վրա կոշիկներ ու ծանր միկրոֆոններ նետեցին պատգամավորներ։
Մեքսիկա (2006 թ.)
Նախագահի երդմնակալության ժամանակ օրենսդիրները գրավեցին ամբիոնն ու աթոռների իսկական պատերազմ սկսեցին ուղիղ եթերում։
Թուրքիա (2016-2024 թթ.)
Ավտորիտար համակարգում այլախոհությունը լռեցնելու համար պատգամավորներին պարբերաբար ծեծում են հենց ամբիոնի մոտ։
Պատմությունը նաև փաստում է՝ նման տեսարանները ոչ թե ժողովրդավարության հետևանք են, այլ դրա հետընթացի, դրանք քաղաքական բևեռացման, ինստիտուտների թուլության և էթիկայի բացակայության առաջին ու ոչ առաջին ազդակներն են:
Հայաստանի վարչապետը, ով ծեծի օրը քաջալերել էր դրա ակտիվ մասնակից թիմակիցներին, երեկ սփյուռքահայի հարցին ի պատասխան, խոստացել է «ամեն ինչ անել այդ մշակույթը հաղթահարելու համար, այնպես անել, որ առաջիկայում նման դեպքեր չկրկնվեն»։ Նիկոլ փաշինյանը նաև ներողություն է խնդրել.
«Ուզում եմ ներողություն խնդրել, որ ձեր զգացմունքները խոցելա էդ տեսարանը»:
Սա առաջին պաշտոնական ներողությունն էր, որը հնչեց Ազգային ժողովում տեղի ունեցածից 9 օր անց՝ սփռյուռքահայի առաջ: