Մատչելիության հղումներ

Եվրոպայի անվտանգության հարցերով երկխոսության մեջ կմտնենք նաև Ռուսաստանի հետ. Քուշներ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշներ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշներ

Թրամփի վարչակազմի կարծիքով՝ Եվրոպայում երկարատև խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ամերիկացի դաշնակիցների հետ համաձայնության հասնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները։

«Ավելի քան 30 տարի Եվրոպան և Ռուսաստանը պայքարում են կայուն անվտանգության համակարգ ձևավորելու համար։ Տասնամյակների անվստահությունը, անվտանգության ոլորտում հակասող մտահոգությունները և այս պատերազմի կործանարար հետևանքները չափազանց բարդ են դարձնում այդ խնդիրը, սակայն այն էական նշանակություն ունի երկարատև խաղաղության համար»,- գրել է Քուշները X սոցիալական ցանցում։

Քուշները նշել է, որ ցանկացած համաձայնություն պետք է լիովին հարգի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անկախությունը՝ սեփական որոշումները կայացնելու հարցում։

«Յուրաքանչյուր երկիր կպահպանի սեփական անվտանգության և դաշինքների վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքը, և ոչ մի երկիր չի ունենա մյուսի ինքնիշխան ընտրությունների վրա վետո դնելու իրավունք»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն շարունակում է մնալ եվրոպական հավաքական պաշտպանության առանցքային կառույցը, իսկ «այս նախաձեռնությունը հիմնվելու է գոյություն ունեցող ինստիտուտների և պարտավորությունների վրա»։

Քուշների փոխանցմամբ՝ Թրամփը նոյեմբերի 5-ին կարևոր քննարկում է ունեցել եվրոպական մի շարք առաջնորդների հետ՝ անդրադառնալով եվրոպական անվտանգության ավելի լայն ճարտարապետության անհրաժեշտությանը, որը կնպաստի երկարատև խաղաղության համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը։

«Մենք նաև Ռուսաստանի հետ երկխոսության մեջ կմտնենք խաղաղ բանակցությունների շրջանակում»,- ասել է նա՝ հավելելով՝ սա բարդ և մանրակրկիտ աշխատանք է, հեշտ լուծումներ չկան։ Սակայն կործանարար պատերազմին վերջ դնելու և գալիք սերունդների համար ավելի խաղաղ, անվտանգ ու բարգավաճ Եվրոպայի հիմք ստեղծելու հնարավորությունն արժե այդ ջանքերը։


​
XS
SM
MD
LG