Մատչելիության հղումներ

«Որևէ հանցավոր գործողություն նկատի չունի». ՆԳ նախարարը՝ Փաշինյանի՝ հանրային ճնշում գործադրելու հայտարարության մասին

Լրացված

Ազգային ժողովում շարունակվում են 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Այսօր օրակարգում ներքին գործերի ոլորտի հատկացումներն են։ Պատգամավորների հարցերին պատասխանում են ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Մինչ քննարկմանն անցնելը՝ նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են երեկ Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի զոհերի հիշատակը։

Բյուջեի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ Արփինե Սարգսյանից հետաքրքրվել է՝ ինչպես կգործի ոստիկանությունը, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած հանրային ճնշումը խորհրդարանի նկատմամբ գործնական քայլերի վերածվի։

Պատգամավորը հիշեցրել է 2024 թվականի հունիսի 12-ի իրադարձությունները, երբ Բագրատ Գալստանյանի առաջնորդած շարժման հանրահավաքի ժամանակ ոստիկանությունը հատուկ միջոցներ, այդ թվում՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ վնասվածքներ ստացան։

Սարգսյանը պատասխանել է, որ վստահ է՝ վարչապետը որևէ հանցավոր գործողություն նկատի չունի և չի էլ կարող ունենալ։

Խաչատրյանն էլ հակադարձել է՝ հիշեցնելով 2019 թվականի մայիսին Փաշինյանի կոչով դատարանների մուտքերի և ելքերի շրջափակումը։ Պատգամավորի խոսքով՝ դատարանների աշխատանքի խոչընդոտումը հանցագործություն է։

Քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձել էր նոր կենսաչափական անձնագրերին՝ քննադատելով դրանց ձևավորումը։ Նա պնդել է, թե անձնագրերում խեղաթյուրվել է Խոր Վիրապի պատկերը՝ առանց Արարատ լեռան։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հակադարձել է, որ կենսաչափական համակարգի ներդրումը միայն անձնագրի գույնի կամ դիզայնի փոփոխություն չէ։ Նրա խոսքով՝ նախարարությանը դեռ չի հաջողվել հանրությանը բավարար չափով ներկայացնել, թե ինչ է իրենից ենթադրում այդ համակարգը։

Մանուկյանը հարցեր է ուղղել նաև ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ։ Սարգսյանի փոխանցմամբ՝ այս տարի վթարների հետևանքով զոհերի և տուժածների թվի նվազում է արձանագրվել, սակայն վարորդների վարքագծում էական փոփոխություն դեռ չեն նկատում։

Նախարարը հայտնել է, որ առաջիկայում Ազգային ժողով կներկայացվի օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է վարորդական իրավունքի քննությանը մասնակցելուց առաջ պարտադիր ուսուցում անցնել՝ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու համար։

Այսօր նախատեսված է հանձնաժողովների առանձին՝ դռնփակ նիստ, որտեղ կքննարկվեն պաշտպանության, ազգային անվտանգության, արտաքին հետախուզության, պետական պահպանության ծառայությունների և պետական ռեզերվների բյուջեները։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG