Մատչելիության հղումներ

Ադրբեջանում կրկին խոսում են «պատմական հողեր վերադառնալու» մասին

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադե, արխիվ
Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադե, արխիվ

Մինչ պաշտոնական Երևանը հետևողականորեն խոսում է խաղաղության հաստատման և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին, Բաքուն շարունակում է պետական մակարդակով առաջ տանել «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը:

Այսօր Կովկասի մուսուլմանների վարչության և «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» համատեղ պատրաստած «Իրևանի ղազիյաթի պատմությունը» գրքի շնորհանդեսն է կայացել՝ ադրբեջաներեն և անգլերեն լեզուներով: Ղազիյաթը իսլամական կրոնական միավոր է, որը համապատասխանում է քրիստոնեական եկեղեցիների թեմերին:

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը շնորհանդեսի արարողությունից ծավալուն հոդված է հրապարակել՝ թվարկելով մասնակիցների ցանկը, որոնց թվում նաև Միլի Մեջլիսի պատգամավորներ են եղել:

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն արարողության ժամանակ ասել է, որ վարչությունն աջակցում է «Հայաստանից արտաքսված հայրենակիցների՝ իրենց պատմական բնակության վայրեր վերադառնալու քաղաքականությանը՝ պետության և ժողովրդի շահերին համապատասխան» և ընդգծել, թե «գիրքը փաստագրական նյութեր է ներառում»։

«Գրքի աղբյուրագիտական հիմքում Կովկասի մահմեդականների վարչության արխիվում պահվող փաստաթղթերն են: Մեր արխիվային փաստաթղթերից բացի՝ գրքի պատրաստման ընթացքում օգտագործվել են նաև Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Ռուսաստանի պետական արխիվներից ստացված աղբյուրներ ու պատմական նյութեր»,- հայտարարել է նա։

Ադրբեջանցի պաշտոնյաներն իրենց հերթին մեղադրել են Հայ առաքելական եկեղեցուն պատմական կեղծարարությունների և ապատեղեկատվության տարածման մեջ և հավելել, թե «ադրբեջանցիների հոգևոր իրավունքները հիմնված են իրական պատմական փաստերի վրա»։

Փաշազադեն էլ հավելել է, թե իրենց հրատարակած գիրքն ու վարչության գործունեությունը նպատակ ունեն միջազգային հարթակներում տարածել «Արևմտյան Ադրբեջանի մասին պատմական ճշմարտությունը», ինչպես նաև նպաստել Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների կրոնական և հոգևոր իրավունքների վերականգնմանը։

Ադրբեջանի հոգևոր առաջնորդը նշել է, որ գիրքը նպատակ ունի հիմնավորել ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողեր վերադառնալու պահանջը։

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Իսա Հաբիբբեյլին էլ հայտարարել է, որ գրքում ներկայացված՝ «Իրևանի տարածաշրջանում կազիության ինստիտուտի գործունեությանն ու զարգացմանը վերաբերող պատմական աղբյուրներն ու արխիվային փաստաթղթերը հաստատում են Իրևանի նահանգի պատկանելությունը ադրբեջանական հողերին»:

Հայերին մեղադրել են մշակութային ժառանգության ոչնչացման մեջ

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի» կառավարման խորհրդի նախագահ, Միլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, թե վերջին երկու հարյուր տարվա ընթացքում հակառակորդների «ագրեսիային և օկուպացիային» են ենթարկվել ոչ միայն այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի պատմական հողերը», իսկ բնակչությունը՝ «էթնիկ զտումների, տեղահանությունների և ցեղասպանության», այլև տարածաշրջանի մշակութային ժառանգությունը ենթարկվել է «հայկական վանդալիզմի»՝ ավերվել, ոչնչացվել կամ «հայացվել» է:

«Քանի որ Ադրբեջանը պատմականորեն աչքի է ընկել ազգային և կրոնական բազմազանությամբ ու հանդուրժողականությամբ, ռուսական նվաճումից հետո տարբեր երկրներից այստեղ զանգվածաբար վերաբնակեցված հայերն առաջին հերթին զավթել են մեր նախնիներին պատկանող կրոնական տաճարները։ Վերականգնման պատրվակով դրանք վերածել են հայկական գրիգորյան եկեղեցիների, ապա ամբողջ աշխարհում սկսել տարածել կեղծ պնդումներ, թե իրենք այդ վայրերի բնիկ բնակիչներն են», - ասել է պատգամավորը:

Ալեքբելիիին ավելի հեռուն է գնացել ու պնդել, որ հայերը «Ադրբեջանի պատմական հողերում էթնիկ զտումներ են իրականացրել, փորձել ենվերացնել ադրբեջանական հետքերը, երկրի երեսից ջնջել իրենց մզկիթները, անգամ գերեզմանոցները»:

«Հայկական պետությունն ու հայերը մինչև օրս չեն ենթարկվել որևէ միջազգային ճնշման և նախազգուշացում չեն ստացել ադրբեջանական ժողովրդի և պետության դեմ կատարված հանցագործությունների համար։ Ընդհակառակը՝ նրանց միշտ աջակցել են և շարունակում են աջակցել նաև այսօր։ Հենց այդ պատճառով Հայաստանն ամեն կերպ փորձում է օրակարգից դուրս մղել 1987–1991 թվականներին՝ ղարաբաղյան հակամարտության առաջին փուլում, իրենց բնակավայրերից վտարված փախստականների վերադարձի արդար պահանջը»,- հայտարարել է Միլի Մեջլիսի պատգամավորը:

Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը

Արևմտյան Ադրբեջան» եզրույթը Ադրբեջանի ղեկավարությունը սկսել է ակտիվորեն կիրառել 2022 թվականի դեկտեմբերից, երբ նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի տարածքի մի մասն անվանեց «Արևմտյան Ադրբեջան» և հայտարարեց այնտեղից հեռացած ադրբեջանցիների վերադարձի մասին։

Հետագայում այդ գաղափարի տարածմամբ սկսեցին զբաղվել քաղաքական գործիչները, պետական կառույցներն ու գիտական հաստատությունները։ Ակտիվացավ նաև «Արևմտյան Ադրբեջանի համայնքը», որ ամեն տարի գիտաժողովներ է կազմակերպում, ուսումնասիրություններ անում:

Հայաստանի իշխանությունները բազմիցս մերժել են «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:

2025 թվականի հունվարի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել րէ, որ Հայաստանի Հանրապետությունում չի եղել, չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»։ Նա ընդգծել էր, որ այդ ձևակերպումը Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ սպառնալիք պարունակող խոսույթ է:

Անցած տարվանից վարչապետը պնդում է, որ եթե Հայաստանը հրաժարվում է Ղարաբաղյան շարժման շարունակությունից, ապա Ադրբեջանում նույնպես չպետք է սկսվի «Արևմտյան Ադրբեջանի» շարժում:

Մեղադրանքին զուգահեռ՝ հայկական ժառանգության ոչնչացում

Մինչ ադրբեջանական կողմը հայերին է մեղադրում, 2020 թվականի 44-օրյա պատերազմից ու 2023-ին Լեռնային Ղարաբաղի լիակատար հայաթափումից հետո անկախ հետազոտողները բազմիցս են արձանագրել հայկական մշակութային ժառանգության ոչնչացման բազմաթիվ դեպքեր:

Ամերիկյան Քորնելի և Փուրդյուի համալսարանների գիտնականների հիմնադրած «Կովկասյան ժառանգության դիտարկում» (Caucasus Heritage Watch) հետազոտական ծրագիրը, արբանյակային պատկերների ուսումնասիրության հիման վրա, Լեռնային Ղարաբաղում արձանագրել է հայկական եկեղեցիների, գերեզմանոցների և հուշարձանների ոչնչացման դեպքեր։

Նույն հետազոտական խմբի տվյալներով՝ 2024 թվականին ամբողջությամբ քանդվել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ Կանաչ ժամը, ինչպես նաև Գանձասարի և այլ բնակավայրերի պատմական գերեզմանոցներ ու սրբավայրեր։

2025 թվականի հուլիսին հրապարակված դիտարկման զեկույցում նույն կազմակերպությունը նշել է նաև հայկական երկու պատմական գերեզմանոցների շարունակվող վնասման և 19-րդ դարի Տանձատափի եկեղեցու զգալի վնասվածքների մասին:

2026 թվականին էլ արբանյակային պատկերների վերլուծությամբ արձանագրվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարի, Շուշիի հին հայկական-ռուսական գերեզմանոցի, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի և Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացումը։

Հայկական ժառանգությունը ոչնչացվել է նաև Նախիջևանում՝ 2000-ականների ընթացքում: Ըստ Caucasus Heritage Watch-ի՝ 1997-2011 թվականներին այստեղ 110 հայկական հուշարձաններից 108-ն ամբողջապես ոչնչացվել է, դրանց թվում միջնադարյան վանքեր, եկեղեցիներ և գերեզմանոցներ։

Վերջին շրջանում ադրբեջանական կողմը ակտիվորեն «կովկասյան աղվանական» է ներկայացնում Արցախի հայկական եկեղեցիները:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG