Մատչելիության հղումներ

Ադրբեջանական SOCAR-ը ի՞նչ դեր ունի Հայաստանի բենզինի շուկայում. Ղազարյանի հարցը՝ ՔՊ թեկնածուին

Ազգային ժողովն այսօր քննարկում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կողմից առաջադրված Շուշան Սարգսյանի թեկնածությունը։

Հարցուպատասխանի ընթացքում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հետաքրքրվեց՝ ինչ դեր ունի ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերությունը Հայաստանի բենզինի և դիզվառելիքի շուկայում։ Պատգամավորի պնդմամբ՝ վերջին ամիսներին SOCAR-ը միջնորդ ընկերությունների միջոցով դարձել է Հայաստան նավթամթերք մատակարարողներից մեկը։

ՔՊ-ի առաջադրած թեկնածուն պատասխանեց, որ իրեն հայտնի չէ SOCAR-ի կողմից անմիջապես Հայաստան բենզին ներմուծելու դեպք։

«Ներկայումս իմ ունեցած տեղեկություններով՝ վերջին ամիսներին այդ երկրից ներմուծումներ չունենք։ Բենզին ներմուծում ենք նաև մի շարք տարբեր երկրներից, այդ թվում՝ եվրոպական երկրներից», - ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ ներմուծման աղբյուրների բազմազանեցման արդյունքում Հայաստանում բենզինի գներն ավելի քիչ են բարձրացել, քան միջազգային շուկայում։

Պատասխանը չբավարարեց Ղազարյանին։ Ընդդիմադիր պատգամավորը հակադարձեց, որ Ադրբեջանում նավթագազային արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվում է SOCAR-ը, և իր հարցը ոչ թե ուղղակի, այլ միջնորդավորված մատակարարումների մասին է։

«Ադրբեջանում միակ նավթագազ արտադրող, վերամշակող ընկերությունը SOCAR-ն է, ուրիշ սուբյեկտ գոյություն չունի։ Այսինքն՝ ասում եմ՝ միջնորդավորված ընկերությունների միջոցով», - ընդգծեց Ղազարյանը։

Սարգսյանն արձագանքեց, որ ուսումնասիրությունները դեռ ընթացքի մեջ են։

Թեկնածուի պատասխանից դժգոհեց նաև ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։ Նա Սարգսյանին հորդորեց եզրափակիչ ելույթում ներկայացնել, թե ինչպես է փոխվել Հայաստանի բենզինի շուկան 2018 թվականից ի վեր։

«Բենզինի մասին եմ մասնավորապես խոսում՝ քանի տոկոսը որտեղից է ներկրվել, ու հիմա քանի տոկոսը որտեղից է ներկրվում, քանի ընկերություն նախկինում ինչ մասնաբաժին է ունեցել և հիմա ինչ մասնաբաժին ունի», - ասաց Ալեքսանյանը։

Նա նաև հիշեցրեց, որ 2018-ին բենզինի ավելի քան 90 տոկոսը, ըստ իր ներկայացրած տվյալների, ներկրվում էր Ռուսաստանից՝ հարց բարձրացնելով, թե ինչպիսին կլինեին գներն այսօր, եթե շուկայում այդ իրավիճակը պահպանվեր։

Սարգսյանը արձագանքեց, որ բենզինի շուկայի վերաբերյալ տվյալները դեռ ամփոփման փուլում են։ Նրա խոսքով՝ ոլորտում նոր տնտեսավարող է հայտնվել՝ «Մեգա Թրեյդ» ընկերությունը, ինչի արդյունքում փոխվել է մրցակցային իրավիճակը. նախկին երեքի փոխարեն այժմ շուկայում գործում է չորս տնտեսավարող։

Սարգսյանը նաև նշեց, որ 2024 թվականին հանձնաժողովը ոլորտում գործող տնտեսավարողների վարքագիծը որակել է որպես հակամրցակցային համաձայնություն և նրանց պատասխանատվության ենթարկել։ Միաժամանակ, ըստ նրա, ներմուծողների կազմն էական փոփոխություններ չի կրել։

Անդրադառնալով SOCAR-ի վերաբերյալ հարցին՝ թեկնածուն ընդգծեց, որ պետք է տարբերել ընկերության արտադրանքի ներմուծումը շուկայում հենց այդ ընկերության գործունեությունից։

«Նրա կողմից արտադրված արտադրանքը ցանկացած երկրի շուկայից Հայաստանի Հանրապետության շուկա ներմուծելը չի նշանակում, որ այդ ընկերությունը գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության շուկայում», - պարզաբանեց Սարգսյանը։

Հուլիսին Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանն Ադրբեջանից շուրջ 6.4 միլիոն դոլարի նավթամթերք է ներկրել:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG