Հայաստանյան լցակայաններում միջինը մեկ լիտրը 621 դրամով վաճառվող պրեմիում տեսակի բենզինը մեկ ամսում թանկացել է 10.53 տոկոսով, և սա այն դեպքում, երբ ոչ Հայաստան բենզին մակատարարող հիմնական երկրներում, ոչ էլ մի շարք այլ պետություններում այսչափ թանկացում պարզապես չկա:
«Ազատություն»-ն ուսումնասիրել է տասնյակ երկրների բենզինի գները և պարզել՝ Հայաստանում այն ավելի է թանկացել, քան մատակարարող երկրներում, իսկ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի այս ամիս արած հայտարարությունը, թե Հայաստանում բենզինը մի փոքր է թանկացել, իսկ աշխարհում` ավելի շատ, այս ամիս արձանագրված գներին չի համախատասխանում:
«Հայաստանում էս պահին համեմատության մեջ աշխարհում ամենաքիչ թանկացած տեղերից մեկն է: Առհասարակ պետք է ասել, որ բենզինը ամբողջ աշխարհում շա՜տ կտրուկ է [թանկացել]: Եթե ծանոթներ ունեք, օրինակ, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, Ասիայում, ցանկացած տեղ, հարցրեք՝ ոչ թե քանի տոկոս, այլ քանի անգամ է թանկացել: Հայաստանում տոկոսներով է թանկացել», - ասել էր նախարարը:
Այսպես, Հայաստանում ռեգուլյար տեսակի բենզինը մեկ ամսում թանկացել է 11.65 տոկոսով, մեկ տարում՝ 17.65 տոկոսով, պրեմիումը տեսակի բենզինի մեկ ամսում թանկացել է 10.53 տոկոսով, մեկ տարում՝ 18.87 տոկոսով:
Բենզինի մեկ լիտրի գները կհամեմատենք տարբեր երկրների գների և այդ շուկաներում նույն ժամանակահատվածներում գրանցված փոփոխությունների հետ: Բենզինն ամբողջ աշխարհում է թանկացել, հիմնական պատճառը Հորմուզի ու Բաբ էլ-Մանդեբի նեղուցներով տարանցման խափանումներն ու աշխարհում շարունակվող հակամարտություններն են:
«Մեկ բան է, երբ որ աշխարհում էդ պրոդուկտի գինը տենց կտրուկ թանկանում է, Հայաստանում թանկանում է ինչ-որ չափով: Թանկացել է, ո՞վ է ասում, որ չի թանկացել», - նշել է Պապոյանը:
Հայաստան բենզին մակատարարող հիմնական երկրներից Ռուսաստանում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառում են միջինը 306 դրամին համարժեք ռուբլով, մեկ ամսում այն էժանացել է 0.43 տոկոսով, երբ Հայաստանում ավելի քան 10-տոկոսանոց գնաճ է գրանցվել, պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառում են 328 դրամով՝ 0.35 տոկոսի թանկացում մեկ ամսվա ընթացքում:
Ռուսաստանում ռեգուլյար տեսակը մեկ տարում 7.45 տոկոսով է թանկացել, Հայաստանում՝ 17.65, պրեմիումը՝ 7.77 տոկոսով, Հայաստանում՝ 18.87 տոկոսով: Ամռան ամիսներին գրանցված սուր դեֆիցիտից հետո Ռուսաստանում գները վերջին շաբաթներին նույնիսկ նվազում են:
Այս տարվա առաջին կեսին Հայաստանը Ռուսաստանից ընդհանուր շուրջ 56 միլիոն դոլարի նավթամթերք է գնել՝ այդ թվում և մազութ ու յուղ:
Հայաստանը մեծ ծավալով նավթամթերք է ներկրում նաև Թուրքիայից, այս տարվա առաջին կեսում այն շուրջ 61 միլիոն դոլար է կազմել: Հարևան երկրում պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրն այժմ վաճառում են 537 դրամին համարժեք լիրայով, մեկ ամսում այն թանկացել է 9.09 տոկոսով՝ Հայաստանում գրանցված 10.53-ի դիմաց: Մեկ տարում Թուրքիայում բենզինը թանկացել է շուրջ 27 տոկոսով՝ Հայաստանի 18.87-ի դիմաց:
Թուրքիայում և Եվրամիության երկրներում ռեգուլյար տեսակի բենզին բնապահպանական պատճառներով չեն վաճառում, ուստի համեմատում ենք միայն պրեմիում տեսակի գները:
Նավթամթերք մատակարարող հիմնական երկրներից է նաև Բուլղարիան, Հայաստանն այս տարվա առաջին կեսին ավելի քան 29 միլիոն դոլարի նավթամթերք է ներկրել. մեկ լիտրը վաճառում են 655.52 դրամին համարժեք եվրոյով, մեկ ամսում այն թանկացել է 6.3 տոկոսով՝ զգալիորեն ավելի ցածր տեմպերով, քան Հայաստանում: Սև ծովի ավազանի այդ երկրում մեկ տարում բենզինը թանկացել է ավելի քան 35 տոկոսով:
Շուրջ 25 միլիոն դոլարի նավթամթերք այս տարվա առաջին կեսին Հայաստանը Ռումինիայից է ներկրել. այնտեղ բենզինն այժմ վաճառում են շուրջ 757 դրամին համարժեք ռումինական լեյով, մեկ ամսում այն թանկացել է շուրջ 4.4 տոկոսով, մեկ տարում՝ շուրջ 21 տոկոսով:
Այլ երկրների գների հետ համեմատենք. Մեծ Բրիտանիայում պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրն այժմ վաճառում են շուրջ 837 դրամին համարժեք ֆունտ ստեռլինգով, մեկ ամսում այն թանկացել է 5.37 տոկոսով, տարեկան շուրջ 27 տոկոսով: Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկ լիտր պրեմիում տեսակի բենզինը վաճառում են միջինը 517 դրամին համարժեք դոլարով, մեկ ամսում այն թանկացել է շուրջ 17 տոկոսով , տարեկան գնաճը հասել է շուրջ 35 տոկոսի:
Հայաստանի իշխանությունները պնդում են, թե եթե Ադրբեջանից բենզին չներկրեին, թանկացումը շատ ավելի մեծ տեմպեր կունենար, հարևան երկիրը, մինչդեռ, նոր-նոր է սկսում պրեմիում տեսակի բենզին արտադրել, իրենք են խոշոր ծավալներով ուրիշներից ներկրում:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարի Հայաստանն Ադրբեջանից շուրջ 18 միլիոն դոլարի նավթամթերք է ներկրել, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պրեմիում տեսակի բենզինի ծավալն այս տարվա առաջին 7 ամիսներին 1.16 միլիոն դոլարի է հասել, այսինքն՝ ընդհանուրի մի փոքր մասը:
«Ադրբեջանից հիմնականում ներմուծվում է պրեմիում տեսակի բենզին», - վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունն էլ հարցեր է առաջացնում. այս պահի դրությամբ 1.16 միլիոնը 18 միլիոնի հիմնական մասը չէ:
Այսպիսով, համեմատությունը ցույց է տալիս, որ վերջին շաբաթներին Հայաստանում արձանագրված գնաճը համաչափ չէ միջազգային շուկայում տեղի ունեցող տատանումներին: Հայաստանին բենզին վաճառող երկրներում մեկ ամսում գնաճն ավելի ցածր տեմպեր է ունեցել: Տարեկան գնաճը, սակայն, Հայաստանում ավելի մեղմ է, քան մեր համեմատած մի շարք երկրներում, տարբերությունը, այդուհանդերձ, մի քանի անգամ չէ, ինչպես պնդում է էկոնոմիկայի նախարարը: