90 կողմ, 0 դեմ ձայնով Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի կանոնադրությունը: Փաստաթղթին կողմ քվեարկեցին նաև ընդդիմադիրները:
Նախագիծը ներկայացրած արտգործնախարար Արարատ Միրզոյանը պնդել էր, որ այդ կառույցին Հայաստանի անդամակցությունը կարևոր է Հայաստան-Ամերիկա երկկողմ հարաբերությունների տեսանկյունից և կնպաստի տարածաշրջանային կայունությանը:
Խաղաղության խորհուրդը, ըստ կանոնադրության, կոչված է աշխարհի տարբեր անկյուններում նպաստել խաղաղությանն ու դրա ամրապնդմանը: Խորհուրդն այժմ ունի 28 անդամ` ԱՄՆ նախագահը, Հայաստանի, Ադրբեջանի, Ալբանիայի, Բելառուսի, Իսրայելի և մի շարք այլ երկրների ղեկավարները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել էր այս տարվա հունվարին՝ Դավոսում` որպես հիմնադիր անդամ, փետրվարին էլ Վաշինգտոնում մասնակցել էր դրա առաջին նիստին:
Կանոնադրությամբ յուրաքանչյուր անդամ պետություն ունի մեկ ձայն, սակայն որոշումների ընդունման համար անհրաժեշտ է նաև խորհրդի նախագահի՝ Դոնալդ Թրամփի հաստատումը։ Անդամակցության սովորական ժամկետը 3 տարի է՝ երկարաձգման հնարավորությամբ։ Կանոնադրությունը նաև հնարավորություն է տալիս մեկ միլիարդ դոլարից ավելի ներդրում կատարած պետությունների անդամակցությունը չսահմանափակել 3 տարով:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանի փոխանցմամբ՝ վճարումը կամավոր է, և Հայաստանը գումար չի փոխանցել: