Հայաստանի Ազգային ժողովում այսօր շարունակվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի կանոնադրության քննարկումը:
Նախագիծը դեռ երեկ ներկայացրել էր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ով պնդեց, որ այդ կառույցին Հայաստանի անդամակցությունը կարևոր է նաև Հայաստան-Ամերիկա երկկողմ հարաբերությունների տեսանկյունից և կնպաստի տարածաշրջանային կայունությանը:
Խաղաղության խորհուրդը, ըստ կանոնադրության, կոչված է աշխարհի տարբեր անկյուններում նպաստել խաղաղությանն ու դրա ամրապնդմանը: Խորհուրդն այժմ ունի 28 անդամ` ԱՄՆ նախագահը, Հայաստանի, Ադրբեջանի, Ալբանիայի, Բելառուսի, Իսրայելի և մի շարք այլ երկրների ղեկավարները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել էր այս տարվա հունվարին՝ Դավոսում` որպես հիմնադիր անդամ, փետրվարին էլ Վաշինգտոնում մասնակցել էր դրա առաջին նիստին:
Հայաստանի կառավարությունն ապրիլ էր հավանություն տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրինագծին: Իսկ արդեն սեպտեմբերի 15-ին Սահմանադրական դատարանը որոշել էր, որ այն Սահմանադրության հետ հակասություններ չունի:
Կանոնադրությամբ յուրաքանչյուր անդամ պետություն ունի մեկ ձայն, սակայն որոշումների ընդունման համար անհրաժեշտ է նաև խորհրդի նախագահի՝ Դոնալդ Թրամփի հաստատումը։ Անդամակցության սովորական ժամկետը 3 տարի է՝ երկարաձգման հնարավորությամբ։ Կանոնադրությունը նաև հնարավորություն է տալիս մեկ միլիարդ դոլարից ավելի ներդրում կատարած պետությունների անդամակցությունը չսահմանափակել 3 տարով:
Քննարկման կարևոր հարցերից մեկը ֆինանսավորումն է։ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ երկիրը չունի մեկ միլիարդ դոլար վճարելու պարտադիր պարտավորություն։ Միևնույն ժամանակ, կանոնադրությունը պարունակում է ֆինանսական մասնակցության դրույթներ, իսկ Հայաստանի ֆինանսների նախարարությունը նախազգուշացրել էր, որ դրանք կարող են պետական բյուջեի համար լրացուցիչ ծախսեր առաջացնել։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի փոխանցմամբ՝ Հայաստանը դեռ վճարում չի կատարել, և այդ պահին կոնկրետ վճարման հարց չի քննարկվում։
Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակ Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստանում» «դրական դիրքորոշում» ունեն Խաղաղության խորհրդի կանոնադրության վերաբերյալ: