Եվրամիության հետ վիզաների ազատականացումը կախված է Հայաստանի քայլերից, այսօր Երևանում Սլովենիայի գործընկերոջ հետ բանակցություններից հետո հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանը դեռ քայլեր ունի անելու: Մենք նման գործընթացների համար բավականին արագ ընթացող պրոցես ենք ունեցել մինչ այժմ և ստացել ենք Եվրամիության և անդամ պետությունների աջակցությունը: Բայց, անկեղծ ասած, հիմա ավելի շատ մեր անելիքները կան: Եթե կոնկրետ ժամկետ եք հարցնում ավարտի մասին, ապա կարծում եմ՝ ճիշտ կլինի Հայաստանի հասարակությանը նաև ասել, որ դա մեզնից է կախված՝ սկսած օրենսդրական փոփոխություններից, վերջացրած ընդհուպ մինչև տեխնիկական ընթացակարգերով, որ պետք է անցնենք», - ասաց Միրզոյանը՝ հավելելով, թե որքան արագ իրականացնի Երևանն այդ բարեփոխումները, այնքան արագ կլինի վիզաների ազատականացումը:
Երևանն ու Բրյուսելը վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել են 2024 թվականին: Որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան առանց վիզայի Շենգենյան գոտի մտնել, իշխանությունները պետք է լայնածավալ բարեփոխումներ իրականացնեն՝ կենսաչափական անձնագրերի ներդրումից մինչև սահմանների և միգրացիայի համալիր կառավարում, նաև ներքին ժողովրդավարական ռեֆորմներ՝ կոռուպցիայի դեմ պայքար, խտրականության բացառում, հանրային անվտանգություն:
Այս տարվա մայիսին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի վերաբերյալ առաջին զեկույցը՝ դրական գնահատելով առաջին փուլի օրենսդրական ու քաղաքական բարեփոխումները: