Մատչելիության հղումներ

Ծաղկաձորի ճամբարում երեխաների անմխիթար պայմանների գործով ԿԳՄՍՆ 2 աշխատակից է պատժվել

Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարը՝ 2026 թվականի հուլիսի դրությամբ
Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարը՝ 2026 թվականի հուլիսի դրությամբ

Համառոտ

  • «Ազատությունն» ամռանը բացահայտել էր խոցելի խմբերի երեխաների համար նախատեսված պետական ճամբարի ամխիթար պայմանները:
  • Ամիսներ անց Կրթության նախարարությունից հայտնել են, որ «ճամբարի գործով» հանրակրթության վարչության երկու աշխատակից է պատժվել: Ծրագրում ներգրավված ավելի բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանատվության չեն ենթարկվել:

Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում անցած ամռանը երեխաների համար կազմակերպված աղմկահարույց «հանգստի» գործով ծառայողական քննության արդյունքում Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության երկու աշխատակիցներ են մեղավոր ճանաչվել։ Նրանք նախարարության հանրակրթության վարչությունից են եղել, պատասխանելով «Ազատության» գրավոր հարցմանը՝ տեղեկացրել են նախարարությունից:

Աշխատակիցներից մեկը նկատողություն է ստացել, մյուսի ծառայությունը դադարեցվել է։ Ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ կարգապահական պատասխանատվության չեն ենթարկվել, թեպետ ամառային ճամբարի կազմակերպման գործում ներգրավված էին աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարարներն ու Կոտայքի մարզպետը։

Տարբեր մարզերից ու Երևանից Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբար հանգստի համար տեղափոխված երեխաների առօրյայի մասին «Ազատություն-ը պատմել էր հուլիսին։ Պարզվել էր, որ երեխաները պահվել են փայտե խարխուլ տնակներում, առանց հիգիենայի պարագաների, տաք ջրի, ճաշարանում սահմանափակ տեղեր էին եղել, ժամանցի անցկացման պայմաններ, ժամանակակից խաղասարքեր չկային: ԿԳՄՍՆ-ը 32.5 մլն դրամ էր հատկացրել ճամբարի կազմակերպման համար, մեկ երեխայի հաշվով գումարը կազմել էր 5000 դրամ։

Հրապարակումից հետո երեխաները տեղափոխվել էին ավելի բարվոք պայմաններով ճամբար։

Հուլիսին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ ստեղծվեց, որը պետք է համապարփակ ուսումնասիրեր ճամբարների կազմակերպման վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները: Աշխատանքային խումբը ղեկավարում էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, խմբում ընդգրկված էին նաև ֆինանսների փոխնախարարը, վարչապետի աշխատակազմի այլ ներկայացուցիչներ։

ԿԳՄՍՆ-ը հրաժարվել է հայտնել պատասխանատվության ենթարկված աշխատակիցների անունները, ինչպես նաև տրամադրել ճամբարի վերաբերյալ իրենց կատարած ամբողջական ուսումնասիրության արդյունքները։ Նախարարությունից միայն տեղեկացրել են, որ միակողմանի լուծել են պայմանագիրը ճամբարի կազմակերպիչ «Լավա աղբյուր» ՍՊԸ-ի հետ ու ընկերությանը ֆինանսական միջոցներ չեն հատկացրել։

«Լավա աղբյուր»-ի սեփականատերը Ծաղկաձորի նախկին քաղաքապետ Արթուր Հարությունյանի ընտանիքն է։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG