Մատչելիության հղումներ

«Լողացել էին, ուտելիքը շատ լավ էր». 250 երեխաներ տեղափոխվել են այլ ճամբարներ

«Աղբյուր» ճամբարի երեխաներին «Ազատության» տեսանյութից հետո տեղափոխել են այլ ճամբարներ:

Արմավիրցի Լիդա Գալստյանը երեկ է այցելել վարչապետի հովանավորությամբ ամառային ճամբար մեկնած որդուն։ Հիմա հանգիստ է ութնամյա տղան, թե՛ լողացել է, թե՛ կշտացել։ Նա Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում չարչարված 250 երեխաներից մեկն է. «Երեխաները լողացել էին, ուտելիքը շատ լավ էր»:

Մայրը գոհ է, բայց հարցեր ունի, եթե պետությունը նպաստառու, ծնողազուրկ, զոհված զինծառայողների երեխաներին անվճար ամառային հանգստի է ուղարկում, մի՞թե չի ստուգում, թե ուր է ուղարկում։

«Չի նշանակում է, որ իմ երեխան նպաստառու է, ուրեմն բոմժ ենք մենք։ Մեր երեխեքին կարող եք ոնց ուզենաք պահե՞ք, սովոր են իրենք սովածությա՞ն, չէ, իրենք ապրում են, իրենց չափով են ապրում, բայց համենայն դեպս սովամահ չեն լինում», - ասաց Լիդա Գալստյանը։

Երեխային այս նոր ճամբարում ուրախացրել է նույնիսկ թեյի առատ լինելը. «Զանգել եմ՝ մամա ջան, արի ինձ այստեղից տար, ես սոված եմ, չեմ կարողանում մնալ»։

«Աղբյուր» ճամբարում 250 երեխա էր, այսպես ասած, հանգստանում, մեծ մասն առանց տաք ջրի, լիարժեք կահավորված ննջարանների, հիգիենիկ պարագաների, բավարար սննդի ու ժամանակակից խաղասարքերի։ Կրթության նախարարությունն է այս ճամբարի հետ պետական գնման պայմանագիր կնքել՝ 32 միլիոն 500 հազար դրամի։ Ենթադրվում է՝ ընտրել են, որովհետև էժան է։ Մեկ երեխայի համար պետությունը վճարում է 5000 դրամ։ Շուրջ երեք անգամ ավելին արժե «Զեփյուռ» ճամբարը։ «Աղբյուր»-ից 150 երեխաներ այստեղ են տեղափոխվել։

Տնօրենն ասում է՝ 5000-ով հնարավոր չէ ապահովել մեկ երեխայի կեցությունը. «Գումարը շատ քիչ է այդ 5000-ը։ Հաշվի առնելով հիմա մեր շուկան, այսինքն՝ գները մթերքի, 5000-ը շատ քիչ է»։

Կարեն Պողոսյանը պնդում է՝ «Աղբյուր»-ից տեղահանվածներին քաղցր աչքով են նայում։

«Աղբյուր»-ի ավագ ջոկատավարն էլ է «Զեփյուռ» տեղափոխվել երեխաների խմբի հետ, իսկ թե իր ճամբարի հետ ինչ է լինելու, չասաց:

«Հիմա ճամբարը փակվել է մինչև մյուս տարի», - ասաց մի ձայն աղբյուր ճամբարից, պնդեց՝ եկող տարի կբացվեն՝ նշելով. «Թեթևակի խնդիր ունեինք, այդ խնդիրները մենք արդեն վերացրեցինք»։

Խնդիրները բոլորովին թեթևակի չէին ու դրանք երկու օրում վերացնել հնարավոր չէր, դրանք այնքան ակնառու էին, որ իշխանավորները ժամեր անց էին երեխաներին հեռացրել այդտեղից։

Փոխնախարար Արաքսյա Սվաջյանը Կրթության նախարարության սոցցանցի էջում տեղադրված տեսանյութում ուսումնասիրության պատճառով տեղափոխության մասին է խոսում։ Այնինչ ուրբաթ էինք այս գերատեսչությունից հետաքրքրվել՝ արդյոք «Աղբյուր» ճամբարի հետ պայմանագիր կնքելուց առաջ դիտարկվե՞լ են պայմանները։ Հարցը մնացել էր անպատասխան։

Գերատեսչության հետ պետական գնման պայմանագիր կնքած «Աղբյուր»-ի ներկայացուցիչն էլ է պնդում՝ ոչ մի ուսումնասիրություն։

«Ազատության» տեղեկությամբ՝ վարչապետի որոշմամբ այժմ ծառայողական քննություն է նշանակվել։ Հիմա են ուսումնասիրում, երբ խոցելի ընտանիքներից 250 երեխայի ամառային հանգիստը վերածվել էր փորձության։ Այդ ճամբարում սա այս ամառվա երկրորդ հերթափոխն է, և ի դեպ այս նոր հասցեներում, որտեղ երեխաները վերջապես լավ են զգում, ապրելու են մի քանի օր միայն. ավարտվում է հերթափոխը։

Ամառային հանգստի այս ծրագիրը կազմակերպելու համար միջգերատեսչական հանձնաժողով է գործում՝ մի շարք փոխնախարարների մասնակցությամբ։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG