Մատչելիության հղումներ

Օլեշկիում ուժի մեջ է մտել հումանիտար հրադադարը

Ուկրաինա - Մարտական գործողությունների հետևանքները օկուպացված Օլեշկիում, արխիվ
Ուկրաինա - Մարտական գործողությունների հետևանքները օկուպացված Օլեշկիում, արխիվ

Ուկրաինայի Խերսոնի մարզի՝ ռուսական բանակի կողմից օկուպացված Օլեշկի քաղաքում ուժի մեջ է մտել մարդասիրական առաքելության համար հայտարարված հրադադարի ռեժիմը:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագծի փոխանցմամբ՝ Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Դմիտրի Լուբինեցը հաղորդել է, որ հրադադարը սկսել է գործել Կիևի ժամանակով ժամը 3-ին «որոշակի տարածքներում», որտեղ անցկացվելու է մարդասիրական գործողությունը: Նրա հավաստմամբ՝ կրակի դադարեցման բոլոր պայմաններն առայժմ պահպանվում են:

Հրադադարի ռեժիմի սկիզբը հաստատել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում: «Խերսոնի մարզի Ալեշկի բնակավայրի շրջանում մարդասիրական գործողության անցկացումը նախապատրաստելու կապակցությամբ ՌԴ Զինված ուժերը դադարեցրել են կրակը Խերսոնի ուղղությունում և 2026 թվականի հոկտեմբերի 27-ի ժամը 4-ն անց 00 րոպեից մտցվել է «լռության ռեժիմ», - ասված է գերատեսչության հաղորդագրությունում:

Ռուսաստանը և Ուկրաինան Օլեշկիում մարտական գործողությունների ժամանակավոր դադարեցման շուրջ պայմանավորվել են մարդասիրական օգնության մատակարարումն ապահովելու և բնակիչների տարհանումը նախապատրաստելու նպատակով: Սպիտակ տունը հաղորդել էր, որ համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մասնակցությամբ:

Գործողության առաջին փուլը քաղաք տանող ճանապարհների ականազերծումը պետք է լինի:

Օլեշկին Ուկրաինայի հարավում է` Խերսոնի մարզում, Դնեպրի՝ Խերսոն քաղաքի հանդիպակաց ափին: Պատերազմից առաջ քաղաքում շուրջ 24 հազար մարդ է ապրել: Պատերազմի սկսվելուց ի վեր Օլեշկին մարտական գործողությունների առաջնագծում է, և քաղաքի բնակչության մեծամասնությունը տեղահանվել կամ տարհանվել է: Այժմ այնտեղ մնում է, ըստ գնահատականների, 1700-2000 մարդ՝ հիմնականում տարեցներ, որոնք ի վիճակի չեն եղել հեռանալ, և մոտ հինգ տասնյակ երեխաներ:


​
XS
SM
MD
LG