Մատչելիության հղումներ

Վերջին եռամսյակում լրագրողների նկատմամբ բռնություն չի եղել, սակայն մտահոգիչ է դատական հայցերի թիվը. զեկույց

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան

Այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր չեն արձանագրվել. սա է փաստում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի վերջին զեկույցը:

«Այսպիսի եռամսյակներ շատ քիչ են լինում, բացի այդ, այս տարվա ընթացքում նկատվում է այս խախտման նվազում», - Հայաստանում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ 2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ներկայացնելիս՝ այսօր ասաց կազմակերպության նախագահ Աշոտ Մելիքյանը:

Այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակներում գրանցվել էին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության մեկական դեպքեր:

Միաժամանակ, Աշոտ Մելիքյանի խոսքով, նվազել են լրագրողների նկատմամբ ճնշման այլ դրսևորումները։ Եթե առաջին եռամսյակում արձանագրվել էր 22, իսկ երկրորդում՝ 31 նման դեպք, ապա երրորդ եռամսյակում դրանց թիվը կազմել է 20։

Գրանցվել են նաև տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ՝ առաջին վեց ամիսներին միասին՝ 18 դեպք, 3-րդ եռամսյակում՝ 12:

Դատական հայցեր

Չնայած 3-րդ եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի բացակայությանը և ճնշումների նվազմանը, ըստ Աշոտ Մելիքյանի, շարունակում են մտահոգիչ մնալ լրագրողների ու լրատվամիջոցների դեմ ներկայացվող դատական հայցերը։

Ընդ որում՝ վերջին երեք ամսում լրագրողների և լրատվամիջոցների դեմ ավելի շատ դատական հայց է ներկայացվել, քան առաջին և երկրորդ եռամսյակներում։ Ընդհանուր առմամբ՝ այս տարվա ընթացքում դրանց թիվը արդեն հասել է 44-ի։ Նախորդ տարվա առաջին ինը ամիսներին գրանցվել էր 45 դատական հայց։

«Խնդրահարույց է, որ այս տարի դրա թիվը կարող է հասնել անցած տարվա գրեթե ռեկորդային ցուցանիշին», - ընդգծում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։

«Կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն»

Մելիքյանը խնդիրների շարքում այսօր առանձնացրեց նաև նոր՝ 9-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի նախաշեմին ընդունված որոշումը՝ «ԱԺ շենքում և տարածքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին»: Դա նախատեսում է գրեթե նույն սահմանափակումները, ինչ 2021 թվականին:

2021-ին 8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը զուգորդվել էր խորհրդարանում լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժի սահմանափակումներով, մասնավորապես, անմատչելի էին դարձել նախասրահները, որտեղ լրագրողները կարողանում էին հարցազրույցներ վերցնել պատգամավորներից, նաև պատգամավորների աշխատասենյակները:

Այն ժամանակ Հայաստանի մեկ տասնյակից ավելի լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններ դատապարտել էին Ազգային ժողովում լրագրողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները՝ կոչ անելով վերացնել դրանք: Կարգը, սակայն, չէր փոխվել:

«Հիմա էլ գրեթե նույն սահմանափակումներն են նախատեսված: Այնուամենայնիվ, մի տարբերություն կա. ըստ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների անկեղծ խոստովանությունների՝ այդ արգելքները, որոնք նախատեսում է այդ որոշումը, դե ֆակտո չեն գործում, լրագրողներից շատերն ասում են, որ հիմա աշխատում են այնպես, ինչպես նախկինում», - նշում է Մելիքյանը՝ միաժամանակ ընդգծելով՝ քանի որ կարգը դե յուրե գոյություն ունի, կա նաև դրա կիրառման ռիսկ:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG