Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում անուղղակի անդրադարձավ նախօրեին հրապարակված ԵԱՏՄ զեկույցին, որտեղ հաշվարկել էին տնտեսական հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը այդ դաշինքից հեռանալու դեպքում:
«Ընթացիկ շրջանի երևացող մարտահրավերը ԵԱՏՄ-ի շրջանակում մեր հարաբերություններն են, որի շուրջ առաջիկայում, իհարկե, կաշխատենք: Բայց այստեղ մեր ընկալումը հետևյալն է. մեր ամբողջ քաղաքականությունը միտված է լինելու մեր տնտեսական դինամիկան ապահովելուն և, իհարկե, մեր պետության ինքնիշխանությունը, անկախությունը և ընդհանրապես պետականությունը ամրապնդելուն: Դրանք ոչ միայն համատեղելի խնդիրներ են, այլև մեկը բխում է մյուսից, փոխկապակցված են», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Միաժամանակ Փաշինյանը պնդեց, թե ռուսական սահմանափակումների ֆոնին Հայաստանին հաջողվել է դրական ցուցանիշներ արձանագրել: «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մեր երկրի տնտեսական կապերի դիվերսիֆիկացիան է բավական լավ տեղի ունենում: Այս պահին մեր ունեցած տվյալները հույս են ներշնչում, որ առաջիկայում դա ավելի կխորանա և կամրապնդվի, պետք է կենտրոնացած մնանք այս խնդրի վրա», - ասաց Փաշինյանը:
ԵԱՏՄ առաջնորդների դեկտեմբերյան հավաքին քննարկվելու է Հայաստանի հարցը, միության անդամ չորս պետությունները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը բարձրանում են Հայաստանում արտաքին կողմնորշման հանրաքվե անցկացնելու հարցը, Երևանը պնդում է, թե դեռ չկա դրա անհրաժեշտությունը: