Մատչելիության հղումներ

Թեղուտի պղինձը՝ Չինաստանի փոխարեն դեպի ԱՄՆ

Անդրկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամի ղեկավար, ամերիկացի գործարար Կոնստանտին Սոկոլովը հայտարարել է, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը ռուսական ՎՏԲ-ից ձեռք է բերել 228.5 մլն դոլարով։ Սոկոլովն այդ մասին ասել է Bloomberg-ին տված հարցազրույցում։ Ամռանը առաջինը «Ազատություն»-նն էր մանրամասներ ներկայացրել ռուսական բանկի կողմից Թեղուտի հանքի վաճառքի մանրամասները։

Ըստ լրատվամիջոցի՝ հանքը գնելու հարցում Կոնստանտին Սոկոլովը մրցակցել է ռուսական ու չինական ընկերությունների հետ և նրանցից առաջ անցել, քանի որ ավելի բարձր գին է առաջարկել. «Այս գործարքի հիմնական նպատակներից մեկը Հայաստանի կարևորագույն հանքային ռեսուրսները ԱՄՆ-ի մատակարարման շղթաների համար հասանելի դարձնելն է»,-ասել է նա ու համոզմունք հայտնել որ դեկտեմբերին, երբ պղնձի խտանյութի մատակարարումների գործող պայմանագրերը կավարտվեն, նոր առևտրային պայմանագրերի շնորհիվ արտադրանքը կուղղվի դեպի Միացյալ Նահանգներ։

Ներկայում Թեղուտի արտադրանքը հիմնականում արտահանվում է Չինաստան։
Սոկոլովի խոսքով՝ նպատակ ունեն նաև նոր հզորություններ գործարկել մինչև 2030 թվականը՝ արտադրությունը հասցնելով 120-130 000 տոննայի։

51-ամյա գործարարը Bloomberg-ին պատմել է նաև TRIPP-ի մաս կազմող Անդրկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամում իր ներգրավածության մասին՝ շեշտելով, որ դա «համատեղ նախաձեռնություն էր Թրամփի հատուկ բանագնաց Սթիֆ Ուիթքոֆի ու նրա ավագ խորհրդական Արյե Լայթսթուոնի հետ»։ «Ես ԱՄՆ կառավարությունում որևէ պաշտոնական դերակատարում չունեմ, սակայն աջակցում եմ նախագահ Թրամփին և չեմ թաքցնում իմ պահպանողական արժեքները՝ բաց ու ուղիղ արտահայտելով դրանք։ Ինձ համար պատիվ է ու առանձնաշնորհ նախագահ Թրամփին աջակցելը»,-նշել է Սոկոլովը։ 201 մլն դոլար բյուջեով Անդրկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամը կենտրոնանալու է TRIPP երթուղու զարգացման վրա։ Սոկոլովի խոսքով՝ դիտարկում են նախագծեր, որ կապված են տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքների հետ՝ էլեկտրահաղորդման գծերի, խողովակաշարերի, էլեկտրաէներգիայի արտադրության ու կարևորագույն հանքանյութերի ոլորտներում։

Գործարարն ասել է, որ ինքն ու հիմնադրամի խորհրդի մյուս անդամները փոխհատուցումներ չեն ստանում իրենց այս դերի համար, հիմնադրամի ղեկավարությունն ընտրվել է մասնավոր ձեռնարկատիրական փորձի ու տարածաշրջանային երկրների իմացության սկզբունքների հիման վրա։ Սոկոլովը լրատվամիջոցին ասել է, որ դեռ 2021-ին է հնարավորություններ նկատել 3.1 մլն բնակչությամբ Հայաստանում՝ հավատալով, որ երկիրը տնտեսական առաջընթացի եզրին է։

Սոկոլովը Bloomberg-ի հետ զրույցում խոսել է նաև Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի վերակառուցմանը իր կողմից 300 մլն դոլարի նվիրատվության մասին. «Ես շատ հպարտ եմ դրանով։ Որպես մեկը, որ ներգաղթել է այս երկիր, ես հնարավորություն ստացա ներդրում կատարել այսպիսի նշանավոր ամերիկյան վայրի զարգացման հարցում»,-ասել է նա։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG