Մատչելիության հղումներ

Հիջաբի արգելքից տուժած աշակերտների համար դասեր կազմակերպած ադրբեջանցի ակտիվիստի հետ կապը կորել է

Բաքվում բնակվող ակտիվիստ և նկարիչ Իլքին Հուսեյնովը երեկվանից անհասանելի է, այն բանից հետո, երբ հիմնադրել էր «Թող Լեյլին գնա դպրոց» նախագիծը, որի նպատակն է հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի ժամանակ դպրոցը բոյկոտող աշակերտների համար դասեր կազմակերպել, հայտնում է OC Media-ն՝ նշելով, թե հստակ չէ՝ արդյոք որևէ աշակերտ դասեր է ստացել նախագծի շրջանակում:

Նախաձեռնության կայքը և Instagram-ի էջը հինգշաբթի առավոտյան անհասանելի էին։

Մեկ այլ ակտիվիստ Ջավիդ Աղան X-ում գրել է, որ անհայտ անձինք եկել են Հուսեյնովի տուն մոտ ժամը 16:00-ին, և ակտիվիստը դուրս է եկել տնից ու գնացել նրանց հետ։ Ըստ որոշ տեղեկությունների, նրա հեռախոսը անջատված է եղել այդ պահից ի վեր, և նրա գտնվելու վայրը անհայտ է մնում։ Աղան նաև նշել է, որ ինքը ծանուցում է ստացել, որ Հուսեյնովի Facebook Messenger օգտահաշվին նոր սարք է ավելացվել։

«Ես նրան հաղորդագրություն էի ուղարկել Facebook Messenger-ում, և որոշ ժամանակ առաջ տեսա ծանուցում. «Հուսեյնով Իլկինը նոր սարք է ավելացրել այս զրույցին»։ Ըստ երևույթին, գուցե նրա օգտահաշիվը կոտրել են։ Մենք անհանգստացած ենք Իլկինի համար», - գրել է նա։

Մինչ օրս պաշտոնական տեղեկատվություն չկա, որը կհաստատեր, թե արդյոք ակտիվիստը ձերբակալվել է։ Նրա գտնվելու վայրի կամ նրա տուն ժամանած անձանց ինքնության մասին պաշտոնական տեղեկություններ ևս չկան։

Աղայի խոսքով՝ Հուսեյնովը կապված է «Թող Լեյլին դպրոց գնա» նախաձեռնության հետ, որը, կարծես թե, ստեղծվել է այս շաբաթվա սկզբին՝ դպրոցներում հիջաբ կրելու վերջին սահմանափակումներից հետո։

Նախաձեռնության նպատակն էր ուսուցիչներին հարթակ տրամադրել հիջաբի արգելքից տուժած աշակերտների հետ դասեր անցկացնելու համար՝ ապահովելու, որ նրանք չզրկվեն կրթություն ստանալու հնարավորությունից: Նախաձեռնությունը կարճ ժամանակով Instagram-ի էջ էր վարում «qoymektebegetsin» օգտանունով, որն այժմ, կարծես, ջնջվել է:

«Կասկածներ ունեմ, որ նրան ձերբակալել են, և կարծում եմ, որ սա է պատճառը», - ասել է Ջավիդ Աղան։

Ադրբեջանում հիջաբը սահմանափակելու դեմ դժգոհության ալիքը սկսվել էր սեպտեմբերին՝ դպրոցական հագուստի վերաբերյալ կառավարության որոշումից հետո:

Նոր պահանջների կիրառումից հետո մի շարք դպրոցներում հիջաբ կրող աշակերտուհիներին և ուսուցչուհիներին թույլ չեն տվել մասնակցել դասերին։ Սոցիալական ցանցերում այս օրերին բազմաթիվ տեսանյութեր են տարածվում, որոնցում երևում են դպրոցների մոտ «Ազատություն հիջաբին» կարգախոսով բողոքի ակցիաներ անցկացնող աշակերտներ և ծնողներ։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG