Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հարվածել է Կիևի կարևոր էլեկտրակայանին, կան զոհեր և վիրավորներ

Կիևը ռուսական հարվածների տակ
Կիևը ռուսական հարվածների տակ

Ռուսական զինուժը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին ջեռուցմամբ և էլեկտրաէներգիայով մատակարարող կարևորագույն էներգետիկ օբյեկտի, հայտնել է Ուկրաինայի նախագահը:

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Դարնիցկայի համակցված ջերմաէլեկտրակայանը (CHP-4), ինչպես նաև մի բնակելի շենք ենթարկվել են հարձակման, ինչը, նախագահի խոսքով, տեղի է ունեցել այն պատճառով, որ գործընկերներն այդ հարձակման մասին «վաղ նախազգուշացում» չեն փոխանցել ուկրաինական կողմին:

Կիևը երեկ էր պաշտոնապես հաստատել, որ ԱՄՆ-ն դեռ տրամադրում է հետախուզական տվյալներ: Ավելի ուշ նախագահ Դոնալդ Թրամփն էր հաստատել, որ Կիևին փոխանցում են նման տվյալներ:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ երեքշաբթի ուշ երեկոյան բազմաբնակարան շենքի վրա հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ, 21-ը՝ վիրավորվել։ Նա նշել է, որ հարվածի հետևանքով Կիևի «մի քանի էներգետիկ օբյեկտներ» են տուժել՝ առանց մանրամասն տեղեկություններ հաղորդելու։

Կիևը հայտնել է Ռուսաստանի կողմից մի քանի հարվածների մասին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկու օր առաջ հայտարարեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել։

Այսօր վաղ առավոտյան Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ «հրթիռային զանգվածային հարձակումների» հետևանքով մայրաքաղաքի որոշ հատվածներ զրկվել են էլեկտրաէներգիայից։ Կիևի պաշտոնյաները բնակիչներին կոչ են արել մնալ ապաստարաններում՝ «հրթիռային սպառնալիքի» պատճառով կարմիր վտանգի մակարդակ հայտարարելուց հետո։

Երեքշաբթի օրվա հարվածներից հետո Զելենսկին հայտարարել է. «Ուկրաինան աջակցեց էներգետիկ հրադադարին: Ռուսաստանը թիրախավորում է ևս մեկ էլեկտրակայան և մեր ժողովրդի կյանքը։ Բացարձակապես անարդար է, երբ նրանք ոչնչացնում են մեր էներգետիկ ենթակառուցվածքները, իսկ Ուկրաինան նույնիսկ բալիստիկ հրթիռների արձակման մասին վաղ նախազգուշացումներ չի ստանում»։

«Կարևոր է, որ աշխարհը չլռի սրա մասին։ Եվ կարևոր է, որ Միացյալ Նահանգները իսկապես տեսնի, թե ինչ է կատարվում և ով է պատասխանատու այս պատերազմի շարունակելու համար»,- հավելել է նա։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG