Մատչելիության հղումներ

Ուկրաինան շարունակում է ԱՄՆ-ից հետախուզական տվյալներ ստանալ, բայց Կիևի վրա հարձակման զգուշացում չի եղել

Ուկրաինա - Կիևին ռուսական ուժերի հասցրած հարվածի հետևանքները, 12-ը հոկտեմբերի, 2026թ.
Ուկրաինա - Կիևին ռուսական ուժերի հասցրած հարվածի հետևանքները, 12-ը հոկտեմբերի, 2026թ.

Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկատվություն ստանալ ԱՄՆ-ից, հաղորդել է երկրի արտգործնախարարությունը: Այդուհանդերձ, նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ նախօրեին գործընկերներից տեղեկատվություն չէին ստացել Կիևին հասցվող հարվածի մասին:

Այս հայտարարությունները հնչել են Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները դադարեցնելուց Կիևի հրաժարվելու դեպքում սպառազինության մատակարարումների և հետախուզական տվյալների տրամադրման հնարավոր կասեցման վերաբերյալ փորձագետների ենթադրությունների ֆոնին, նշում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագիծը:

Զելենսկու խոսքով՝ գործընկերներն Ուկրաինային չէին տրամադրել Կիևի ուղղությամբ բալիստիկ հրթիռների արձակման մասին տեղեկատվություն, այդ հրթիռները հարվածել են քաղաքացիական ենթակառուցվածքների: Երեկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ պարզում են պատճառը, թե ինչու մայրաքաղաքում պայթյունները նախորդել են օդային տագնապ հայտարարելուն:

Ուկրաինայի արտգործնախարարը, սակայն, վստահեցրել է, որ հետախուզական տվյալների փոխանակումը շարունակվում է: «Դուք հավանաբար հարցնում եք՝ ստանում ենք մենք արդյոք հետախուզական տվյալներ ամերիկյան կողմից: Այո, մենք շարունակում ենք այդ համագործակցությունը», - ասել է Անդրեյ Սիբիհան:

Ըստ ամերիկյան որոշ լրատվամիջոցների՝ նավթավերամշակման գործարաններին հարվածները դադարեցնելուց Զելենսկու հրաժարվելու դեպքում Թրամփը կարող է Ուկրաինային զրկել ամերիկյան հետախուզական տվյալներից կամ ստիպել Իլոն Մասկին անջատել Starlink-ը:

​
XS
SM
MD
LG